Օրերս Truth սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր են ամրապնդել ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, ինչպես նաև` Ադրբեջանին վաճառել ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ, զրահաբաճկոններ, կատերներ և շատ այլ բաներ։

Սրանից հետո ադրբեջանական ռազմագիտական-փորձագիտական շրջանակներում քննարկում էր սկսվել, թե էլ ինչ է հնարավոր, որ ԱՄՆ-ը մատակարարի Ադրբեջանին, և եկել էին այն եզրահանգման, որ ինչ-որ փուլում դրանք կարող են լինել նաև FPV-կվադրոկոպերներ, հակադրոնային համակարգեր և ՌԷՊ միջոցներ: Այսինքն, Ադրբեջանում վստահ են, որ ԱՄՆ-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությունն առաջիկա 3 տարիներին ընդլայնվելու է:
Ի դեպ, նույն ժամանակում տեղեկություններ են շրջանառվում անվտանգության ոլորտում ԱՄՆ-Իսրայել 10-ամյա նոր համաձայնագրի կնքման հնարավորության մասին, քանի որ գործողը նախատեսված է մինչև 2028 թվականը:
Իսկ մինչ այդ Բաքու էր այցելել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, որն այցի համատեքստում հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, թեև նրան ուղեկցել են բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, բայց ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներն ակնարկել են, որ Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերությունների մակարդակի մասին պետք է դատել ռազմատեխնիկական համագործակցությամբ: Եվ հենց այստեղ չի մոռացվել 2025 թվականին Բաքվի զորահանդեսին ցուցադրված իսրայելական ռազմական սպառազինությունը:
Խոսքը, մասնավորապես, հարվածային, տակտիկական, հետախուզական անօդաչու թռչող սարքերի, համակարգերի մասին է, այն է՝«Orbiter-1KM», «Orbiter-2», «Orbiter-3», «Orbiter-4», «Orbiter-5, «Aerostar» և «Hermes-450», «Hero-120» (HIRO) և «Sky Striker», «Harop» և այլն: Նշենք, որ նշված զորահանդեսին առաջին անգամ մասնակցել էին Ադրբեջանի նոր կազմավորված անօդաչու համակարգերի զորքերը: Բացի այս, Ադրբեջան-Իսրայել ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում ադրբեջանական կողմը հարկ է համարում միշտ հիշել Sea Breaker համակարգը:
2025 թվականի տարեվերջին մենք մանրամասն անդրադարձել ենք այս համակարգին և դրա կարևորությանը Բաքվի համար, երբ Բաքու էր այցելել Պաշտպանական հետազոտությունների և մշակումների վարչության պետ, պահեստազորի բրիգադի գեներալ Դանիել Գոլդը:
«Ադրբեջանը տարածաշրջանում միակ պետությունն է, որն ունի ուղիղ հասանելիություն իսրայելական ամենաժամանակակից սպառազինության համակարգերին, այդ թվում՝ 5-րդ սերնդի բարձր ճշգրտության հրթիռներին՝ Sea Breaker և Ice Breaker օդային մոդիֆիկացիային»,- գրել էր «Հաքքինազը», ինչի մասին հիշատակել էինք համապատասխան վերլուծության մեջ:
Ադրբեջանում գտնում են, որ Բաքվի և Իսրայելի փոխգործակցությունն առավել նշանակալի է դարձնում ամերիկյան գործոնը՝ հատկապես հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը իր Bullseye հրթիռի համար որպես հիմք ընտրել է հենց իսրայելական Sea Breaker հրթիռի տեխնոլոգիան:
Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այցի ժամանակ Բաքուն չի մոռացել նրանց օգնության մասին 44-օրյա պատերազմի ժամանակ, և սա մոռացնել չի տալիս նույնիսկ Իսրայել-Թուրքիա լարված հարաբերությունները, չնայած Բաքուն փորձում է նպաստել դրանց կարգավորմանը, ի վերջո, 44-օրյայում Ադրբեջանում հաղթել է առաջին հերթին Թուրքիայի շնորհիվ և դրանից հետո ադրբեջանական բանակի վերականգնման համար դարձյալ նրան է պարտական:
Իսկ Իսրայելի արտաքին գործերի նախարարի Բաքվի այցի հետ կապված մեկ այլ դրվագ ևս ուզում ենք առանձնացնել:
Գիդեոն Սաարը հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ-ին, որտեղ անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտին, հետևյալի մասին է շեշտել, որ Իսրայելը ժամանակին նշանակալի զիջումների է գնացել, այդ թվում՝ տարածքային, հիշատակել Օսլոյի համաձայնագիրը, Պաղեստինի ինքնավարության ստեղծումը:

«Պետք է հասկանալ, որ պաղեստինցիներն այս տարածքների ոչ մի սանտիմետրը չեն նվաճել։ Այդ բոլոր հողերն Իսրայելի կողմից փոխանցվել են երկկողմանի կամ միակողմանի կարգով։ Բայց մեր փորձը ցույց տվեց, որ մենք դրանով չմոտեցանք խաղաղության, ընդհակառակը` մեր անվտանգային իրավիճակը վատթարացավ։ Եվ հենց դրա համար էլ մարդիկ այսօր պաղեստինցիներին նոր զիջումներ տալու գաղափարին շատ ավելի զգուշավոր են մոտենում, քանի որ այն չի տանելու խաղաղության,- շեշտել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը և հավելել,- Խաղաղությունը պարզապես թղթի կտոր չէ: Չի կարելի խաղաղություն կառուցել, երբ քեզ ատում են: Երբ ինչ-որ մեկը բացահայտ ասում է՝ ես ուզում եմ քեզ ոչնչացնել, դուք կոկորդիլոսին չեք փորձի, չէ՞, կերակրել, որը ցանկանում է ձեզ ուտել»:
Այսինքն, իսրայելցի պաշտոնյան պահանջում է, որ Պաղեստինն ապացուցի, որ խաղաղություն է ցանկանում, իսկ դրա համար չպետք է «ֆինանսավորի ահաբեկիչներին», «ուսումնական ծրագրերում և լրատվամիջոցներում պետք է դադարի գործել Իսրայելի դեմ», «դադարեցնի Իսրայելի դեմ անօրինական պատերազմը»: Սա Իսրայելի նախապայմաններն են Պաղեստինին, որքանով են դրանք հիմնավոր, արդարացի կամ ոչ արդարացի, դա չենք քննարկում: Այստեղից պետք է վերցնել այն պարզ ճշմարտությունը, որի մասին խոսում է Իսրայելի նման պետության պաշտոնյան՝ տարածքային զիջումները միշտ չէ, որ խաղաղության են հանգեցնում, որովհետև խաղաղությունը դա թղթի կտոր չէ:
Արդյո՞ք կարող ենք ասել, որ համակարգային մակարդակում Բաքուն դադարել է ատելություն սերմանել Հայաստանի և հայի նկատմամբ, որ հրաժարվել է հային ոչնչացնելու ծրագրից, և արդյո՞ք պատերազմ չի սկսի, եթե Հայաստանը սեփական շահերից ելնելով հրաժարվի կատարել Բաքվի պահանջը: Կարծում ենք՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է:
Ժամանակին շատ էինք լսում, որ ՀՀ զինված ուժերի զարգացման հարցում պետք է ընդօրինակել իսրայելական փորձը, հետո այս խոսակցությունները պասիվացան, գուցե առաջիկայում դեռ ակտիվանան, երբ ԱԺ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքական ուժերը ներկայացնեն անվտանգային իրենց ծրագիրը, գուցե ինչ-որ մեկը որոշի օգտվել հրեական փորձից կամ խորհուրդներից:
Իսկ մինչ այդ լավ կլինի լրջորեն վերաբերվել Իսրայելի արտաքին գործերի նախարարի արտաբերած պարզ ճշմարտությանը: