Սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանը խոսել է Ընտրական օրենսգրքում «Քաղաքացիական պայմանագրի» ընդունած նախագծի մասին։ Այն նախատեսում է նոր մեխանիզմներ, որոնց նպատակն, ըստ ՔՊ-ի, ընտրություններին մասնակցող դիտորդների քաղաքական չեզոքության երաշխավորումն է։
Մելոյանի խոսքով՝ արագ ընդունված օրենսդրական փոփոխությունները կարող են իշխանության համար դառնալ գործիք՝ համապետական ընտրությունների ժամանակ ոչ ցանկալի դիտորդական կազմակերպություններին դիտարկում իրականացնելու հնարավորություն չտալու համար։
Նա հիշեցրել է, որ նախագիծն ընդունվել է արագացված կարգով՝ ընտրություններից կարճ ժամանակ առաջ, ինչը խնդիրներ է ստեղծում կանխատեսելիության և իրավական որոշակիության տեսանկյունից։
«Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականով ընտրություններից առաջ մեկ տարվա ընթացքում չի թույլատրվում ընտրական ընթացակարգերում փոփոխություններ իրականացնել»,- շեշտել է նա։
Փորձագետի գնահատմամբ՝ օրենսդրական փոփոխությունները կարող են օգտագործվել դիտորդական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու համար։
«Այս իրավիճակում իշխանությունը կարող է փորձել ոչ համախոհ կամ ոչ բարեկամական դիտորդական կազմակերպություններին սահմանափակել ապագա համապետական ընտրությունների ժամանակ վերահսկողական գործառույթ իրականացնելու հարցում»,- ասել է Մելոյանը։
Նա ընդգծել է, որ դիտորդական առաքելություններն ընտրական գործընթացում ունեն նվազագույն լիազորություններ։
«Դիտորդը չի միջամտում, չի ղեկավարում գործընթացը, պարզապես դիտում և արձանագրում է, որպեսզի ընտրական խախտումներ չլինեն»,- հավելել է սահմանադրագետը։
Մելոյանը խնդիր է համարել նաև այն հանգամանքը, որ նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կարող են տրվել լայն գնահատողական լիազորություններ՝ որոշելու դիտորդական կազմակերպության քաղաքական ասոցացված լինելը։ Նրա խոսքով՝ դա կարող է ստեղծել կամայականության ռիսկեր։
«ԿԸՀ-ին կամայական լիազորությունների ընդլայնված շրջանակ են տալիս, որ գնահատի՝ դիտորդական կազմակերպությունն արդյոք քաղաքական ունի, թե ոչ, ու այդ հիմքով չհավատարմագրի կամ հավատարմագրի»,- օրինակ է բերել Մելոյանը։
Անդրադառնալով TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախաձեռնությանը՝ սահմանադրագետն ընդգծել է, որ փաստաթղթի գործնական կիրառումը լուրջ ռիսկեր է առաջացնում՝ հիշեցնելով, որ այդ մասին ինքը նախկինում մանրամասն ներկայացրել է իր սոցիալական ցանցերի էջերում։
Նրա համոզմամբ՝ փաստաթղթերում օգտագործված «անխոչընդոտ կապ» ձևակերպումն իրավական խնդիրներ է առաջացնում։
««Անխոչընդոտ կապ» եզրույթն ուղղակիորեն գալիս է հակասելու նույն ինքնիշխանությանը, ինչպես նաև տարածքային ամբողջականությանը։ Եթե զուտ կապ սահմանված լիներ, ես այսպիսի մտահոգություններ չէի ունենա։ Մտահոգություններս կրկնապատկում եմ, երբ որևիցե տեղ չի բացահայտվում այս եզրույթի խորքային իմաստը։ Բազմաասպեկտ, լուրջ հարցերի խումբ է առաջանում թե՛ դիվանագիտական, թե՛ իրավական, թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային առումներով»,- նշել է Մելոյանը՝ հավելելով, որ եզրույթի բովանդակությունը հստակ բացված չէ։
Մելոյանը անդրադարձել է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի վերաբերյալ վերջին դատական գործընթացներին՝ դրանք բնութագրելով որպես իրավական խնդիրների օրինակ։
«Այս գործն իրավաբանության դասագրքային օրինակ է, թե ինչ չի կարելի անել»,- նշել է նա։
Մելոյանի պնդմամբ՝ կալանքը Հայաստանում աստիճանաբար վերածվում է քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու գործիքի։
«Կալանքը մեր երկրում վերածվել է պատժիչ ներգործության միջոցի, ինչը դասական քաղաքական հետապնդման ձևաչափ է»,- ընդգծել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև՝
ԱԺ-ն ընտրություններին ընդառաջ դիտորդների չեզոքությունը երաշխավորելու նախագիծ ընդունեց
