27 հունվարի 2026 – 17:12 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 27-ի առավոտյան Թալին-Բազմաբերդ ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարի հետևանքով 10 քաղաքացի հոսպիտալացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա հորդորել է վարորդներին առավել զգույշ լինել՝ հատկապես եղանակային դժվար պայմաններում։
«Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում:
Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։
10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում. հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր: Եվս մեկ անգամ հորդորում եմ պահպանեք անվտանգության կանոնները. պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տ երեխաների դեպքում օգտագործեք car seat»,- գրել է նախարարը։
Ավելի վաղ հաղորդել էր, որ դեպքի վայր են մեկնել փրկարարները, որոնք հատուկ տեխնիկայի կիրառմամբ «Ford» մակնիշի մեքենաներից երկու տուժածի դուրս են բերել ու մոտեցրել շտապօգնության մեքենային։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար,
Ընդհանուր առմամբ բախվել է 15 տրանսպորտային միջոց: