44-օրյա պատերազմի զոհ Հարություն Հարությունյանի հայրը՝ Գևորգ Հարությունյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց՝ առավոտյան ժամը 06։00-ից այնտեղ է, որպեսզի հանկարծ թույլ չտա՝ Նիկոլ Փաշինյանն այցելի և ծաղիկներ խոնարհի իր որդու շիրիմին։
«Եկել էի խոչընդոտեի, որ իմ տղայի շիրիմին կոնկրետ չմոտենար։ Ես չեմ ուզում, որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը, որովհետև այս տղերքն ուրիշ գաղափարի տեր են եղել, գիտենք՝ ինչի համար են գնացել, կյանք են տվել»,- ասաց Գևորգ Հարությունյանը։
Զոհվածի հայրը շեշտեց՝ չի հավատում Փաշինյանի անկեղծությանը։
«Բոլորն էլ այստեղ էին, և, բնականաբար, իրենք չէին եկել տղերքի մոտ, տղերքի համար։ Իրենք եկել էին թուրքի թիկունքը պահեն, որ թուրքը կարողանա մտնի «Եռաբլուր» ու դուրս գա․ ազգիս դավաճանը»,- ասաց զոհվածի հայրը։
Նա միաժամանակ նշեց՝ 44-օրյա տղաների շիրիմներին Փաշինյանը կարծես չի մոտեցել, մոտեցել է 90-ականներին զոհվածների շիրիմներին ու դուրս եկել։