Հարևան երկրները պետք է հստակ դիրքորոշում ընդունեն արտաքին սպառնալիքների դեմ․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանն ընդգծում է, որ ցանկացած անկայունություն տարածաշրջանում ուղղված չէ միայն Իրանին, այլ կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում և հարևան երկրներին կոչ է արել հստակ դիրքորոշում ընդունել արտաքին սպառնալիքների դեմ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ 

Բաղային ընդգծել է, որ Իրանը վաղուց է բախվում իրեն պարտադրված «հիբրիդային պատերազմին»: Նա հավելել է, որ նախորդ տարվա հունիսյան իրադարձություններից ի վեր Իսլամական Հանրապետությունն ամեն օր բախվում է նոր սպառնալիքների։

«Տարածաշրջանային երկրները լավ գիտակցում են, որ ցանկացած անկայունացում ուղղված չէ միայն Իրանին. անկայունությունը վարակիչ է»,- նշել է Բաղային։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև նախազգուշացում է հղել Միացյալ Նահանգներին և Իսրայելին: Մեկնաբանելով Վաշինգտոնի վերջին ռազմական զորավարժությունները և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (PCC) երկրների հետ համատեղ զորավարժությունները՝ դիվանագետը նշել է, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած զարգացման։

«Ցանկացած ագրեսիա կարժանանա համապարփակ և ջախջախիչ պատասխանի»,- ասել է նա և հավելել, որ Թեհրանը, թեև դեռևս բաց է դիվանագիտական լուծումների համար, սակայն պատրաստ է պաշտպանելու իր շահերը տարածաշրջանում:

Իսրայելի դեմ կանխարգելիչ հարվածի հավանականության և խոշոր պատերազմը կանխելու գործում դիվանագիտության դերի մասին հարցին Բաղային նշել է, որ Իրանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ իր անվտանգությունն ապահովելու համար։

«Մենք ունենք անհավանական ինքնապաշտպանության կարողություններ և պատրաստ ենք մարտահրավերներին։ Մեր պարտականությունն ու պարտավորությունն է պաշտպանել Իրանի արժանապատվությունը, ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է դիվանագետը։

Իրանում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում 2025 թվականի դեկտեմբերի վերջից՝ տիրող տնտեսական իրավիճակից դժգոհության պատճառով: Թեհրանն անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրել էր ԱՄՆ-ին և Իսրայելին:

Leave a Comment