26 հունվարի 2026 – 18:03 AMT
PanARMENIAN.Net – «Իշխանությունների հակակշռման Հանրային դաշինքը», անդրադառնալով հունվարի 23-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված օրենսդրական փոփոխություններին, հայտարարել է, որ դիտորդների սահմանափակումներն անընդունելի են:
Նշվում է, որ նախագիծը դիտորդական առաքելությունների գործունեությունը ոչ թե ուղղակիորեն արգելում է, այլ սահմանում է այնպիսի սուբյեկտիվ, վարչարարական և իրավական խոչընդոտներ, որոնք կարող են էապես թուլացնել ընտրությունների հանրային վերահսկողությունը։
Նշվում է նաև, որ նախագիծն ընդունվել է առանց ընդդիմության ներգրավման, բացառապես իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով։ Քանի որ քննարկվող փոփոխությունը վերաբերում է սահմանադրական օրենքին, դրա ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի աջակցությունը։ ՔՊ-ն Ազգային ժողովում ունենալով 71 պատգամավոր, այդ ձայները ապահովել է միանձնյա՝ առանց որևէ այլ խմբակցության մասնակցության։
Դաշինքը մտահոգություն է հայտնել, որ օրենսդրական այս փոփոխությանը աջակցել են նաև այն կազմակերպություններն ու անձինք, որոնք տարիներ շարունակ հանդես են եկել որպես ժողովրդավարության պաշտպաններ։ Փաստելով, որ իշխանությունը նման պայմաններում վերահսկողության մեխանիզմները թուլացնում է, Դաշինքը ընդգծում է՝ այն համակարգը, որտեղ սահմանադրական օրենքները միանձնյա կերպով են փոփոխվում և դիտորդական վերահսկողությունը սահմանափակվում է, չի կարող համարվել ժողովրդավարական։
«Կոչ ենք անում քաղաքական ուժերին, իրավաբաններին, իրավապաշտպաններին դիտարկել այս խնդիրը միահեծան համակարգի շրջանակներում և աշխատել, որպեսզի հետագայում թույլ չտրվի, որ մեկ կուսակցություն կարողանա սահամանադրական օրենքի փոփոխություն իրականացնել»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությանը կցվել է նաև վերլուծություն՝ օրենքի փոփոխության հետևանքով դիտորդական դաշտում առաջացող սահմանափակումների վերաբերյալ, որտեղ առանձնացվել են մի շարք հիմնական ռիսկեր՝
- «Քաղաքական չեզոքության» սուբյեկտիվ չափանիշի ներդրում, որի հիման վրա ցանկացած դիտորդական հայտարարություն կարող է մեկնաբանվել որպես կողմնակալություն։
- Դիտորդների ինքնագրաքննության ռիսկ, քանի որ ընտրախախտումների արձանագրումը կարող է ընկալվել որպես քաղաքական դրսևորում։
- ԿԸՀ-ի հայեցողական լիազորությունների ընդլայնում՝ առանց հստակ չափանիշների։
- Քննադատական և անկախ դիտորդական ՀԿ-ների դուրսմղում գործընթացից։
- Ֆինանսական թափանցիկության անհամաչափ պահանջներ, որոնք կարող են խոչընդոտել հատկապես մարզային ՀԿ-ների աշխատանքը։
- Օտարերկրյա դիտորդների հավատարմագրման ժամկետների խիստ սահմանափակում՝ առանց ճգնաժամային իրավիճակների համար բացառությունների։
- Միջազգային դիտորդների արագ արձագանքման սահմանափակում։
- Հավատարմագրումը չեղարկելու հիմքերի ընդլայնում՝ առանց իրավական հստակեցման։
- Ընտրությունների ընթացքում կամ դրանից հետո dիտորդների հեռացման հնարավորության բարձրացում՝ քննադատական գործունեության դեպքում։
- Իշխանության վերահսկման մեխանիզմների համակարգային թուլացում, քանի որ նախագիծը ոչ թե բացահայտ արգելում է դիտորդական գործունեությունը, այլ այն դարձնում է վարչարարական, իրավական և սուբյեկտիվ սահմանափակումներից կախված։
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Քննարկման ընթացքում պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց է ուղղել՝ արդյոք նախագծով նախատեսված փոփոխությունները պետք չէ անել առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ՝ մատնանշելով նման պահանջի հնարավոր առկայությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որպես հիմնական զեկուցող, պարզաբանել է, որ խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով, ընդամենը հստակեցվում է արդեն գործող կանոնը: