26 հունվարի 2026 – 17:48 AMT
PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 42 մանկապարտեզում տեղադրված է 1700 տեսախցիկ։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնել է Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը` ներկայացնելով 2025 թվականի չորրորդ եռամսյակում արձանագրված խախտումների վերաբերյալ տվյալները:
«Երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի առիթ տվող արձանագրումները կազմում են 48 %»,-ասել է Հանրակրթության վարչության պետը, հայտնում է Panorama․am-ը:
Խաչատրյանը հավելել է, որ 22 տոկոսը վերաբերում է օրվա ռեժիմի խախտումներին, 8 տոկոսը՝ ֆիզիկական անվտանգությանը, իսկ 23 տոկոսը՝ պարապմունքների բովանդակությանը։
Նրա խոսքով՝ տեսախցիկների միջոցով իրականացվող մշտադիտարկումը կատարվում է ինչպես առցանց, այնպես էլ հետադարձ վերանայմամբ:
Միաժամանակ, նա նշել է, որ մանկապարտեզներում բացված վաղ մանկության նոր խմբերում իրականացված դիտարկումները վկայում են անձնակազմի բարեխիղճ, հոգատար և պրոֆեսիոնալ աշխատանքի մասին։