Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է մեկ ունցիայի համար 5000 դոլարը 

Քաղաքականություն

26.01.2026 | 16:30

Հունվարի 26-ին համաշխարհային բորսաներում ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է մեկ ունցիայի համար 5000 դոլարից՝ աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին, գրում է Reuters-ը: Երկուշաբթի առավոտյան թանկարժեք մետաղը համաշխարհային բորսաներում վաճառվել է մեկ ունցիայի համար 5029 դոլարով, գրում է Meduza-ն։

Փորձագետները կանխատեսում են, որ ոսկու գինը, որին ներդրողներն ավանդաբար դիմում են անկայունության ժամանակաշրջաններում, կշարունակի աճել: Վերլուծաբանները որպես հիմնական գործոն նշում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության աճը Գրենլանդիայի շուրջ, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը։

Ոսկու պահանջարկի վրա ազդել է նաև ԱՄՆ-ի սպառնալիքը Կանադայի ներմուծման վրա 100% մաքսատուրք սահմանելու մասին, եթե այդ երկիրը առևտրային համաձայնագիր ստորագրի Չինաստանի հետ։

Reuters-ը նշում է, որ 2025 թվականին ոսկու գները բարձրացել են 64%-ով՝ ԱՄՆ դրամավարկային քաղաքականության մեղմացման, Չինաստանի Կենտրոնական բանկի պահանջարկի և թանկարժեք մետաղների նկատմամբ ներդրողների մեծ հետաքրքրության ֆոնին։

Հունվարին Bloomberg-ը հաշվարկել էր, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ոսկու պահուստների արժեքը 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր աճել է ավելի քան 216 միլիարդ դոլարով: Ոսկին կազմում է Ռուսաստանի բանկի պահուստների մոտ 43%-ը՝ Ուկրաինայի հետ  պատերազմի սկսվելուց առաջ 21%-ի համեմատ։

Ռուսաստանն աշխարհի խոշորագույն ոսկու արտադրողներից է: Այնուամենայնիվ, Ռուսաստանից թանկարժեք մետաղի միջազգային շուկաներ մուտքը սահմանափակ է պատերազմի սկսվելուց հետո կիրառված պատժամիջոցների պատճառով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment