13-րդ դարի իրանցի հանճարեղ բանաստեղծ և սուֆի միստիկ Ջալալ ադ-Դին Մուհամմադ Ռումիի գազելների ժողովածուն առաջին անգամ բնագրից թարգմանվել և հրատարակվել է հայերեն։ Թարգմանության հեղինակը գրող, թարգմանիչ և զբոսավար Ջորջ Աբրահամյանն է։
Ռումիի ազդեցությունը վաղուց դուրս է եկել ազգային ու կրոնական սահմաններից։ Նա համարվում է աշխարհի ամենաընթերցվող պոետներից մեկը, հատկապես Արևմուտքում, որտեղ նրա գործերը վաճառվում են միլիոնավոր օրինակներով։
Ինչպես նշում է Ջորջ Աբրահամյանը, պոեզիան ու գրականությունը լավագույն միջոցն են՝ վերհանելու այն ընդհանուր արժեքները, որոնք կրում են հայ և իրանցի ժողովուրդները։ Ռումիի ստեղծագործությունն ամբողջությամբ սիրո և ներդաշնակության մասին է։ Նրա անունն անքակտելիորեն կապված է սուֆիների ծիսական պարի՝ սամայի հետ։ Բանաստեղծն իր գազելների մեծ մասը գրել է հենց այդ ծիսական պտույտի ազդեցությամբ, ուստի նրա պոեզիան հիշեցնում է այդ շարժումը՝ ընթերցողի վրա թողնելով յուրօրինակ մեդիտացիոն ազդեցություն։