ԹՐԻՓՓ-ի շրջանակում Բուլղարիայի հետ առեւտրատնտեսական համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 26-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանեւի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ալխաս Ղազարյանը եւ Էսթեր Այվազյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Բուլղարիայի միջպետական հարաբերությունները՝ հիմնված բարեկամ երկու ժողովուրդների ջերմ եւ եղբայրական կապերի վրա: Ըստ նրա՝ երկկողմ արդյունավետ գործակցության զարգացմանը եւ խորացմանն առավել նպաստել են բարձրաստիճան փոխայցերը, իսկ խորհրդարանական դիվանագիտության դերն առանձնակի նշանակություն ունի: Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է արձանագրել նաեւ վերջերս երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բուլղարական կողմին երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու առաջարկ է արվել:
Նշելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության հռչակագրով նախատեսվում է նաեւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում Բուլղարիայի հետ առեւտրատնտեսական համագործակցության տեսանկյունից նոր հեռանկարներ կբացվեն: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բուլղարիայի գործընկերների դրական արձագանքը խաղաղության գործընթացին:
2026 թվականի մայիսին Երեւանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովը (COP17): Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ այս միջոցառումների շրջանակում Բուլղարիայի գործընկերներին Երեւանում հյուրընկալելու հնարավորություն կլինի:

—00—ԼԱ

 

 

Leave a Comment