Կուբանի Սլավյանսկում նավթավերամշակման գործարանում ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել

Քաղաքականություն

26.01.2026 | 13:11

ՌԴ Կուբանի Սլավյանսկում ԱԹՍ-ների բեկորների անկումից հետո երկու ձեռնարկություններում հրդեհներ են բռնկվել, հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։ Մեկ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Current time-ը։

Ուկրաինական Exilenova+ և Supernova+ տելեգրամ ալիքները հաղորդում են, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթավերամշակման գործարանի վրա: Քաղաքում է գտնվում տարածաշրջանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը՝ «Սլավյանսկ Էկոն», որը նախկինում հարձակման էր ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից:

2024 թվականի ապրիլին, անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, նավթավերամշակման գործարանը մասամբ դադարեցրել էր գործունեությունը:

Բացի այդ, Սլավյանսկում մասնավոր տներ են վնասվել «անօդաչուների բեկորների անկման պատճառով»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունվարի լույս 26-ի գիշերը (ժամը 23:00-ից մինչև առավոտյան 7:00-ն) երեք շրջաններում և Ազովի ծովում խոցվել է ուկրաինական 40 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 34-ը՝ Կրասնոդարի երկրամասում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment