
«Իմ քայլը» հիմնադրամի և Պեկինի Նորմալ համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Համագործակցության նպատակն է աջակցել տարեկան 10 տաղանդավոր հայ ուսանողների կրթությանը աշխարհի առաջատար համալսարաններից մեկում՝ համաֆինանսավորելով ուսումը բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կարճաժամկետ ակադեմիական վերապատրաստման ծրագրերի շրջանակում՝ տարբեր ոլորտներում։
«Կիսելով «Shared Education for Humanity» գաղափարախոսությունը՝ այս հուշագիրը համարում եմ բոլոր սովորողների համար կրթության երկարատև ու բովանդակալից ճանապարհի առաջին քայլը, որը կամրապնդի մարդկային միջանձնային և միջմշակութային կապերը, կնպաստի ակադեմիական փորձի փոխանակմանը` ապագա սերունդների համար ձևավորելով ավելի զարգացած, պատասխանատու ու գիտելիքահեն աշխարհ»,- նշել է տիկին Աննա Հակոբյանը։
Պեկինի Նորմալ համալսարանը բարձրագույն կրթության, մարդկային արժեքների և ակադեմիական զարգացման բացառիկ միջավայր է։
Հայտերի ընդունման, ծրագրերի մանրամասների, մասնագիտությունների առկայության և ողջ ընթացակարգի մասին տեղեկությունը շուտով կհրապարակվի հիմնադրամի պաշտոնական էջերում։
Ավելին՝ շուտով»,- գրված է հաղորդագրության մեջ: