Մասնավոր Bombardier Challenger 650 ինքնաթիռն ութ ուղևորով վթարի է ենթարկվել ԱՄՆ Մեն նահանգի Բանգոր օդանավակայանում թռիչքի ժամանակ, հայտնել է CNN-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել ձնաբքի պատճառով։ Ուղևորների վնասվածքների աստիճանը դեռևս անհայտ է, նշել է կայքը։
Օդանավակայանի ղեկավարությունը լրատվականին հայտնել է, որ արտակարգ ծառայությունները միջադեպին արձագանքել են հունվարի 25-ին, Արևելյան ժամանակով ժամը 19:45-ի սահմաններում (հունվարի 26-ին՝ Երևանի ժամանակով ժամը 4:45-ին): Օդանավակայանը փակվել է միջադեպի պատճառով։
Մեն նահանգում ջերմաստիճանը զրոյից զգալիորեն ցածր է, իսկ թույլ ձյունը շատ վատ տեսանելիություն է առաջացնում։
CNN-ը պարզաբանել է, որ դաշնային գրառումների համաձայն՝ ինքնաթիռը գրանցված է Հյուստոնում գործող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով։
Ավելի վաղ՝ հունվարի 24-ին, Associated Press-ը հայտնել էր, որ ձնաբքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել ավելի քան 10 նահանգներում։ Մեկ օր առաջ ABC News-ը հայտնել էր, որ արտակարգ դրություն է հայտարարվել 14 նահանգներում։
