Զախարովան ու Լավրովը Վարդան Ղուկասյանին իր սիրուն աչքերի համար չէ, որ պաշտպանում են. Նրանց «փորացավն» այլ բան է

2026 թվականին ՀՀ-ի նկատմամբ արտաքին
դերակատարների կողմից հիբրիդային հարձակումների «ընդգրկուն, բարդ ու մասշտաբային» լինելու
մասին կանխատեսումը, որն արել է ՀՀ Արտաքին հետախուզության ծառայությունն իր՝ օրերս
հրապարակած զեկույցում, արդեն իսկ իրականանում է։ Մասնավորապես,  Գյումրիի՝ կալանքի տակ գտնվող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի
վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական  ներկայացուցիչ Մարիա Զախարովայի «պաշտպանիչ» հայտարարությունները
հենց այդ հարձակումների դրսևորումներից են։ Այս երկու անձինք, նկատենք, մեկ շաբաթվա
մեջ երկու անգամ անդրադարձել են իրենց պաշտպանյալին՝շեշտելով, թե վերջինս հանիրավի
քրեական հետապնդման է ենթարկվում, ուշադրություն, իր քաղաքական հայացքների համար։ Թե
ՀՀ-ում ով ինչի համար, որ հայացքների, արարքների կամ ղալաթների համար է կալանավորվում,
ավելորդ չէ նշելը, չի վերաբերում Լավրովին ու նրա խոսնակին։ Մինչդեռ  դաշնակից երկրի սույն պաշտոնատար անձինք չեն զլանում
քիթները խոթել այլ պետության երկրի ներքին գործերի մեջ՝ սնուցելով այդ պետության քաղաքացիների
շրջանում խորացող հակառուսական տրամադրությունները։ Ուշագրավն այստեղ այն է, որ դաշնակից
երկրի պաշտոնատար անձինք որպես իրենց պաշտպանյալի քրեական հետապնդման պատճառ նշում
են ոչ թե նրան առաջադրված կաշառքի մեղադրանքը, այլ, ուշադրություն, այն, որ Վարդան
Կոլյայիչը Հայաստանի պայծառ ապագան տեսել է ՌԴ-Բելառուս միութենական պետության կազմում։
Ակնհայտ է, որ ՌԴ դիպկորպուսի ներկայացուցիչները Վարդան Ղուկասյանին իր գեղեցիկ աչքերի
ու ճարտար լեզվի համար չէ, որ առել են իրենց պաշտպանության տակ։  Այլ այն պատճառով, որ Ղուկասյան անձը հերթական հայ
գործիչն է, որն զբաղված է Հայաստանի ապագայի մասին Ռուսաստանի պատկերացումները ջատագովելով։
Եթե նրա փոխարեն լիներ, ասենք, Հեռվաշեն համայնքի ղեկավար Ղուկաս Վարդանյանը կամ որևէ
Կոլյայիչ՝ միևնույն է, Լավրովն ու նրա կոնտորայի մյուս ներկայացուցիչները նույն ջերմեռանդությամբ
ստանձնելու էին նաև վերջիններիս պաշտպանությունը։ Այս ամբողջ պատմության մեջ բանալի
բառը «Միութենական պետությունն» է, այդ գաղափարի փառահեղ լինելը։     

Նկատենք, որ Մարիա Զախարովան Կոլյայիչին
պաշտպանելու հարցում ավելի առաջ է անցել, քան իր «բոսսը»
, «ինքնին աբսուրդ» որակելով
քրեական հետապնդումը
այն հայտարարությունների համար, որոնք «ավանդական դաշնակցի» հետ հարաբերությունների
ամրապնդման օգտին են։
«…Մենք
չենք տեսել իրավական
​​​​գործընթացներ և ավելին՝ այն անձանց կալանավորումները, ովքեր կոչ են անում առանց
հետ նայելու գնալ դեպի Եվրամիություն։ ԵՄ-ին միանալը, սակայն, իսկապես կապված է
ինքնիշխանության մի մասից հրաժարվելու հետ։ Այս մոտեցումը ընկնում է Հայաստանի
քրեական օրենսգրքի հոդվածներից մեկի տակ։ Ինչո՞ւ պատասխանատվության չենթարկել
նրանց, ովքեր, Հայաստանին դեպի ԵՄ մղելով, բառացիորեն կոչ են անում երկրին
հրաժարվել ինքնիշխանությունից՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն։ Թող տեսնեն, թե ինչ
է կատարվում հիմա ԵՄ-ի ներսում»,- խելքին զոռ է տվել Մաշա Վլադիմիրովնան։  

Սա, ինչպես
ասում են, հանցավոր անտեղյակության ու ցինիզմի գագաթնակետն է։ Նախ՝ տիկին
Զախարովան պետք է սերտի ԵՄ-ին անդամակցության պրոցեդուրալ առանձնահատկությունները՝
խուսափելու աբսուրդի ժանրի հայտարարություններ անելուց։ Տիկինը նաև տեղյակ չէ, որ
Վարդան Ղուկասյանի հանդեպ քրեական հետապնդումը, որի պատճառով ինքն ու իր պատրոնն
իրենց պատառոտում են, դադարեցվել է։ Այ, այ, այ

Այսուհանդերձ,
ինչպես ասացինք, հյուսիսային մեր դաշնակիցների փորացավը Ղուկասյանը չէ, այլ նրա
անձն օգտագործելով՝ ևս մեկ անգամ ՀՀ-ի արտաքին քաղաքական եվրոպական կուրսը
հիբրիդային հարձակման ենթարկելը, նսեմացնելով, արժեզրկելով ԵՄ-ին հնարավոր
անդամակցությունը։ ՀՀ քաղաքացիների գիտակցությունն ու վարքը մանիպուլյացիայի
ենթարկելը, թե՝ Միութենական պետությունը չի ենթադրում  ինքնիշխանության կորուստ, «օկ» է,  իսկ այ ԵՄ-ն «քըխ» է ու կործանարար եղբայրական
ժողովրդի համար։

Ի դեպ, մի
բան էլ պետք է հուշել տիկին Զախարովային՝ ՀՀ-ում քրեական հետապնդման են ենթարկվում
քրեական հանցակազմ ունեցող արարք կատարած անձինք։ Անկախ իրենց քաղաքական, արտաքին
քաղաքական հայացքներից ու նախասիրություններից։ Ուստի ԵՄ-ին անդամակցելուն կողմ
լինելը, թող հավատացած լինի Մարիա Վլադիմիրովնան, ենթադրյալ հանցանք կասկածվողի
համար ինդուլգենցիա չի կարող լինել։

  

Հ. Մ.

    

 

 

   

Leave a Comment