ՔՊ-ական չինովնիկների արհամարհանքը քաղաքացիների նկատմամբ դրսևորվում է գրեթե ամեն օր։
«ՀՀ 187 տնտեսվարող սուբյեկտ հեղուկ գազ է ներմուծում և չի կարող այդտեղ լինել ո՛չ հակամրցակցային համաձայնություն, ո՛չ գերիշխող դիրքի չարաշահում։ Այդ 187-ից որևէ մեկի մասնաբաժինը 10%-ը չի գերազանցում։ Թանկացումը ստեղծված առաջարկ-պահանջարկ հարաբերակցության արդյունք էր, լցնողների քանակը շատ է, առաջարկը քիչ է։ Հեսա մի քիչ հետո կգա, կիջնի գինը, որևէ սարսափելի բան չկա»,- այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նրա այս խոսքը հանրային բացասական արձագանքների է արժանացել։
Քաղաքացիները նկատում են, որ սարսափը սուբյեկտիվ ընկալում է։ Մեկի համար ինչ-որ բան կարող է սարսափելի լինել, մյուսի համար՝ ոչ։ Սարսափելին նաև հարաբերական է։ Օրինակ՝ պատերազմն ավելի սարսափելի աղետ է, քան երաշտը։ Այս առումով՝ պարզ չէ, թե Գեղամ Գևորգյանի կարծիքով՝ ո՞ւմ համար և ինչի՞ համեմատ որևէ սարսափելի բան չկա։
Իրականում՝ ժողովրդի համար գազի գինը 190-ից 320 դրամի հասնելը շղթայական խնդիրներ է առաջացրել։ Այս պարզ բանը կարող է տեսնել յուրաքանչյուր ոք, որը շփվում է հեղուկ գազ սպառողի հետ։ Օրինակ՝ վարկերի տակ ճկռողի, ցածր աշխատավարձով ընտանիք պահողի, տաքսու վարորդի, ծայրը ծայրին մի կերպ հասցնողի համար այս թանկացումը լուրջ խնդիր է։ Գումարվում է նաև սառնամանիքը, որի պայմաններում հավելյալ վառելիք են ծախսում մեքենան տաքացնելու համար։ Այս համապատկերում հեղուկ գազի թանկացումն իրապես սարսափելի է։ Բազմաթիվ ընտանիքներ ռեալ տուժում են դրանից։
Հետևապես օրինաչափ է, որ հանրության մի մասի ընկալմամբ՝ Գեղամ Գևորգյանի՝ «որևէ սարսափելի բան չկա» խոսքն արհամարհանք է քաղաքացու, սպառողի նկատմամբ։ Ասում են, թե այսպիսի բան ասող պաշտոնյան քաղաքական, սոցիալական պատասխանատվության գիտակցում, հասարակության հանդեպ հոգատարության զգացում չունի։
Լավատեսները ենթադրում են, որ Գեղամ Գևորգյանն անտեղյակ է, թե քաղաքացին ինչ խնդիրների է բախվում գազի թանկացումների հետևանքով։ Եթե իմանար, ապա այսպիսի անհարգալից արտահայտություն չէր անի։ Հետևաբար՝ խնդիրը ՔՊ-ական իշխանությունների և ժողովրդի միջև վիհն է։ Ի տարբերություն ժողովրդի՝ պաշտոնյաներն ապրում են ուրիշ աշխարհում, այլ իրականության, երանելի լիության մեջ, որտեղ գազի թանկացումը սարսափելի չէ։
Հանրության շրջանում առավել տարածված է հակառակ կարծիքը, թե Գեղամ Գևորգյանը կտրված չէ իրականությունից, շատ լավ տեսնում է, գիտի ու հասկանում է ամեն ինչ։ Եվ նա, «որևէ սարսափելի բան չկա» ասելով, ցուցադրաբար անհարգալից վերաբերմունք է ցուցադրում քաղաքացու խնդիրների նկատմամբ, փորձում լռեցնել սոցիալական տրտունջներն այս թանկացման հետ կապված։ Գեղամ Գևորգյանն այս վերաբերմունքով հիմք է տալիս ենթադրելու, որ անպատասխանատվությունը և ժողովրդի հանդեպ արհամարհանքը Նիկոլ Փաշինյանի թիմի անդամի բնորոշ հատկանիշներից է։ Եվ ով ավելի անհարգալից կվերաբերվի ժողովրդին, նա ավելի մեծ պարգևավճար կստանա։ Իսկ եթե այս ենթադրությունը սխալ է, և Փաշինյանի մոտեցումը հակառակն է, ապա Գեղամ Գևորգյանը պաշտոնանկ կարվի կամ հրաժարական կտա, որպես խրատ մյուս չինովնիկներին, որ քաղաքացու խնդիրների, հատկապես թանկացումների հետևանքով առաջացող սոցիալական տրտունջների հանդեպ արհամարհական վերաբերմունք չդրսևորեն։
Մեկ այլ վարկածով էլ՝ ՔՊ-ական պաշտոնյաների համար ոչինչ սարսափելի չէ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է։ Ասում են, թե նրանց համար սարսափելի է միայն մտածելը, թե ինչ կլինի, երբ հունիսի 7-ին ՔՊ-ն չստանա բավարար քվե, պարտվի ու ընդդիմություն դառնա։ Ենթադրելի է, որ Գեղամ Գևորգյանի կարծիքով՝ հեղուկ գազի թանկացումը բացասաբար չի անդրադառնա հունիսի 7-ի արդյունքի վրա, ուստի՝ որևէ սարսափելի բան չկա։
Միով բանիվ՝ պաշտոնյայի վերաբերյալ հանրային մտահոգությունը փարատելու համար հարկ է հստակեցնել, թե Գեղամ Գևորգյանն ինչի՞ց է սարսափում, ինչի՞ համեմատ և ու՞մ համար սարսափելի չի համարում հեղուկ գազի թանկացումը։ Գուցե պարզվի, որ ՔՊ-ական պաշտոնյան միայն իր քաղաքական թիմակիցներին նկատի ուներ։ Ուստի՝ պետք է խնդրել Գեղամ Գևորգյանին, որ այսուհետ հստակեցնի, թե ում է հասցեագրում իր խոսքը, որ հանրային կրքեր չբորբոքվեն, նրա պաշտոնանկության մասին հանրային ակնկալիքներ չգեներացվեն, ՔՊ-ի վարկանիշը չընկնի, հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանի պարտվելու ռիսկերը չբազմապատկվեն։
Թաթուլ Մկրտչյան