«Հրապարակ»-ը գրում է․ Անցած կիրակի Նիկոլ Փաշինյանի շրջիկ թափառախումբը Չարենցավանում էր: Սուրբ Փրկիչ եկեղեցում հավաքվել էին Երևանից և հանրապետության այլ բնակավայրերից եկած քաղաքացիներ, որոնք մեզ վստահեցնում էին, որ ամեն կիրակի իրենք այս եկեղեցի են գալիս, որ առանց պատարագի կյանք չունեն և հատկապես Չարենցավանի եկեղեցում են միշտ մասնակցում կիրակնօրյա պատարագներին: Եվ իրենց այնտեղ լինելը Փաշինյանի այցի հետ բացարձակ կապ չունի:
Չարենցավանի բնակիչ Գագիկ Գաբրիելյանը, ում այդ օրը ոստիկանները առևանգել էին, որ ակցիա չանի և միայն օրվա վերջին էին ոստիկանությունից բաց թողել, այսօր պատարագի էր մասնակցում Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում: Ըստ նրա՝ եկեղեցում մատների վրա հաշված հավատացյալներ էին հավաքվել, իսկ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպը պարտարագի ժամանակ Կաթողիկոսի անունը չի զեղչել` կանոնական պատարագ է տվել. «Ստախոս, խաբեբա ՔՊ-ի խմբակի հերթական ապացույցը, որ սրանց նպատակը` շարունակել պառակտել ժողովրդին և պղծել մեր եկեղեցիները։ Ոչ մի Նիկոլի վկա հավատացյալ ներկա չէր պատարագին, որոնք պնդում էին, որ ամեն կիրակի ներկա են պատարագին։ Թափառաշրջիկ ՔՊ խմբակը սրընթաց սլանում է դեպի երկինք։ «Տղերք մեր վերջն եկելա»,- ասում էր սթափ վիճակում գտնվող միակ ՔՊ-ական պաշտոնյան»,- գրել է Գագիկ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ Գագիկ Գաբրիելյանի նկատմամբ այս պահին քրեական գործ կա հարուցված, քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու համար. «Ճիշտ է` մեզ բաց են թողել, բայց գործ կա հարուցած, հոդվածը մնացել է: Նրանցից ամեն բան հեռու չի, չի բացառվում հետո էլ այդ շինծու քրեական գործը մեկ այլ ձեւով մեր դեմ օգտագործեն»,-մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Գաբրիելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։