«Նոլդու Փաշինյան»․ վարչապետին կարգալույծ քահանայի ծեսին դիմավորել են ակցիայով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու կարգալույծ քահանա Արամայիս Թախմազյանի մատուցած ծեսին։

Թալինցի Սարգիս Պետրոսյանն իշխանությունների կողմից եկեղեցու դեմ գործողությունների դեմ արտահայտվելով՝ ի նշան բողոքի, Փաշինյանի ժամանման ժամանակ եկեղեցու բակում միացրել է ադրբեջանական «Նոլդու Փաշինյան» երգը։

Nesw.am-ին Պետրոսյանն ասել է, որ այդ քայլոց ցույց է տալիս, թե ինչպես է «Փաշինյանը ստորացնում հայ ժողովրդին»։

«Փաշինյանը նույնիսկ մեր կրոնն է ստորացման առարկա դարձրել նաև Ադրբեջանի համա։ Իմ ակցիան նկատակ ուներ ցույց տալու, որ հասարակությունում բոլորը չէ, որ համաձայն են այս երևույթի հետ։ Չմոռանանք, որ «Քաղաքացիական պայմանագրին» մոտ 700 հազար մարդ է ընտրել, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը 10 մլն հայի կաթողիկոսն է։ Փոքրամասնությունը չպետք է որոշի, թե ինչ պետք է լինի մեր երկրում»,- նշել է Պետրոսյանը։

Նշենք նաև, որ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանին կարգալույծ քահանայի ծեսի մեկնարկից առաջ թույլ չեն տվել պատարագ մատուցել։ Տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, որ հավաքվածներից մեկը քահանայի հետ զրուցում է։

Ավելի ուշ քահանան, չմանրամասնելով զրույցի թեման, News․am-ին հայտնել է, որ ստիպված գնում է Մաստարայի եկեղեցի, որտեղ էլ պատարագ կմատուցի և բարձր կհնչեցնի Վեհափառի և Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսի անունները (Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին նրանց անունները զեղչվում են-խմբ․)։

Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր նույնպես պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Կառավարության որոշմամբ՝ պետական ​​և համայնքային հողերն այլևս չեն փոխանցվի եկեղեցուն։ Կառավարությունը նաև լուծարել էր եկեղեցու հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կան կալանավորված հոգևորականներ։

Հունվարի 5-ին Փաշինյանը և տասը եպիսկոպոս հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:

Կարդացեք նաև՝ 

Կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը

Թալինի ղեկավարը խոչընդոտել է Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի անցկացումը. կոմիտե

«Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և կարգալույծ հոգևորականի կողմից․ Արագածոտնի թեմ

Leave a Comment