ԱՄՆ դաշնային գործակալները Մինեապոլիսում կրակել են քաղաքացու վրա, տեղում անկարգություններ են

ԱՄՆ դաշնային ծառայության աշխատակիցները Մինեապոլիսում կրակել են քաղաքացու վրա՝ սպանելով նրան, տեղում բողոքի ակցիաներ են սկսվել, հայտնում է BBC-ն:

Ոստիկանապետ Բրայան Օ ‘Հարան լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ իր գերատեսչությունը ստացել է կրակոցների մասին հաղորդագրությունը գիշերը ժամը 3-ի սահմաններում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են մարդու՝ մի քանի հրազենային վնասվածքով: Նրան փորձել են օգնություն ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց, սակայն նա մահացել է:

Մահացածի անունը դեռ չի նշվում։ Օ ‘Հարան հայտարարել է, որ, իր ունեցած առայժմ սուղ տվյալներով՝ մահացածը Մինեապոլիսի 37-ամյա բնակիչ էր և ենթադրաբար ԱՄՆ քաղաքացի:

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Տրիշա Մաքլահլինը BBC-ին հայտնել է, որ Մինեապոլիսում գործողությունն իրականացրել են Դաշնային սահմանապահ ծառայության աշխատակիցները:

Մաքլահլինի խոսքով՝ սահմանապահները «բռնությամբ հարձակման համար հետախուզվող անօրինական օտարերկրացուն» ձերբակալելու գործողություն են իրականացրել, և այդ ժամանակ նրանց է մոտեցել ատրճանակով մի մարդ:

«Աշխատակիցները փորձել են զինաթափել կասկածյալին, սակայն զինված կասկածյալը կատաղի դիմադրություն է ցույց տվել։ Վախենալով իր և մյուս աշխատակիցների կյանքի համար՝ գործակալներից մեկն ինքնապաշտպանության կարգով կրակոցներ է արձակել»,-պարզաբանել է նախարարության խոսնակը։

Մինեսոտայի նահանգապետը և նահանգի սենատորը կրկին կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին անհապաղ դուրս բերել ներգաղթի ոստիկանության, ICE-ի և սահմանային պահպանության հազարավոր աշխատակիցներ, որոնք ուղարկվել են Մինեսոտա՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարի արշավի շրջանակներում:

Leave a Comment