Աբու Դաբիում բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է փետրվարի 1-ին. Reuters – 5tv

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ 

«Մենք շատ հարգանք ենք տեսել կողմերի միջև բանակցային սենյակում, քանի որ նրանք իրականում փորձել են լուծումներ գտնել: Մենք հասել ենք իսկապես ամենափոքր մանրամասներին, և հաջորդ կիրակի, Աստված տա, կլինի նոր հանդիպում, որի ընթացքում մենք այս գործարքն առաջ ենք տանելու դեպի իր վերջնական տեսքը»,- ասել է նա լրագրողներին անանունության պայմանով։ 

Ժամկետների վերաբերյալ նման տեղեկատվություն է ներկայացրել նաև ամերիկյան Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը:

«ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ կիրակի (8 օրից) Աբու Դաբիում, ասել է ամերիկացի պաշտոնյան», – գրել է Ռավիդը X-ում:

Լրագրողը մեջբերել է նաև ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի գնահատականը, որը կարծում է՝ եռակողմ բանակցություններ անցկացնելու Մոսկվայի և Կիևի համաձայնությունը «ցույց է տալիս, որ նրանք առաջընթաց են տեսնում»:

Reuters-ի զրուցակիցն իր հերթին հավաստիացրել է, որ անվտանգության արձանագրությունները, որոնք մշակվում են Ուկրաինայի համար հակամարտությունից հետո, «շատ ամուր են»:

Հունվարի 23-ին Աբու Դաբիում կայացել է անվտանգության եռակողմ խորհրդակցությունների առաջին օրը: Հունվարի 24-ին տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը։ Ռուսական բանակցային խումբը գլխավորում էր ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։  Եռակողմ աշխատանքային խմբի ուկրաինական մասի ղեկավար է եղել ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:

Leave a Comment