«Նարեկ-Պետրոս» ընկերական հանդիպումն ու «Մեր ձևով»-ի բռնած ձևը


Նարեկ Կարապետյան-Պետրոս Ղազարյան ջերմ ու սիրառատ զրույցը, որը ծավալվեց փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում, գուցե հիասթափեցրեց շատերին, ովքեր հավատում էին, կամ փորձում էին և ուզում էին հավատալ, որ «Մեր ձևով» շարժումն իրական է:

Պետրոսը հանդարտ էր, Նարեկը` պատրաստված երկխոսության. այո՛, սա պարզապես ընկերական հանդիպում էր ու մեղմ զրույց: Չկային Պետրոսի կողմից սուր հարցադրումները, չկային նրա, շատ հաճախ պատահող, անկիրթ ու անմակարդակ հարձակումները, հյուրի նկատմամբ անտակտ ու անհարգալից վերաբերմունքը:

Եթերից առաջ Նարեկը Պետրոսի հետ մի «ջերմիկ» ու բարեկամական  տեսանյութ էր հրապարակել: Դրանից հետո անգամ հարկավոր չէր ամբողջ 53 րոպե նստել էկրանի դիմաց՝ հասկանալու համար, թե իրականում ո՞րն է «Մեր ձևով»-ի բռնած ձևը:

Իհարկե, կարելի էր մի քիչ սրություն մտցնել, Պետրոսը կարող էր, իր ձևի մեջ մտած, ջուր առաջարկել Նարեկին՝ հանգստանալու համար (քանի որ, սովորաբար, նա գրեթե ինֆարկտի է հասցնում իր ընդդիմադիր հյուրերին), բայց անհանգստանալու առիթ էլ չեղավ:  Նարեկը լավ կրթություն ստացած տնտեսագետ-բիզնեսմեն է, իսկ Պետրոսը՝ չհաջողած լրագրող և անհաջողակ  քաղաքական գործիչ, ուստի նրանց խաղը չստացվեց: Նրանք շատերին այդպես էլ չհամոզեցին, որ այն, ինչ մատուցում են՝ իրական է և չկա նախապես պայմանավորվածություն:

Հակառակը՝ ոմանք,  ովքեր հավատում էին, հուսախաբ եղան:

Մի փոքր անհամաձայնություն եղավ Նարեկի ծառայության հետ կապված հարցադրման ժամանակ: Նարեկին իրականում կաշկանդում է այս հարցը: Նա հերթական անգամ մեջբերեց ՀՀ գլխավոր զինկոմին իր գրած նամակը՝ իբրև պատրաստակամ է եղել մեկնել ծառայության` հստակ իմանալով, որ իր պարագայում դա  անհնար էր: Այսինքն՝ տարիքն արդեն չի համապատասխանում և ունի երկու երեխա:

Այստեղ Պետրոսը թեև դա հիշեցրեց, բայց կարող էր, չէ՞ , օրինակ, հարց տալ նաև, թե՝ լավ, Նարեկ ջան, չստացվեց ծառայելը՝ չստացվեց, ինչո՞ւ չկամավորագրվեցիր 44-օրյա պատերազմի ժամանակ ու չգնացիր կռվելու, եթե իրոք այդքան շատ էիր ուզում ծառայել

Բայց չասաց, իսկ Նարեկը հարցի ուղղվածությունը փոխեց՝ անհատական հարցադրումից սահուն տանելով  դեպի գլոբալ՝ երկրի անվտանգության հարցին, ու Պետրոսը ոչ միայն դա թույլ տվեց, այլև չանդրադառնալով նախորդ հարցին, տվեց հաջորդ հարցը՝  լրիվ այլ բովանդակությամբ, և Նարեկը հանգիստ սկսեց խոսել իրենց ծրագրերից:

Ի դեպ, ծրագրերի մասին խոսելիս, Նարեկն այդպես էլ չպատասխանեց հարցին, թե ում հետ կոոալիցիա կկազմի «Մեր ձևով»-ը: Ավելին` խոստովանեց, որ այդ հարցին չի պատասխանում, քանի որ չի ուզում մյուս քաղաքական ուժերի համախոհներին հիասթափեցնել. «նպատակահարմար չէ պատասխանել… օգուտ չէ»,- ասաց նա:

Ստացվում է` «Մեր ձևով»-ը չի ուզում հասարակությանն իրազեկել իր ծրագրերի մասին, քանի որ ժողովրդին դիտարկում է զուտ որպես ընտրազանգված: Բայց պետք է այդ ընտրազանգվածն էլ հասկանա, չէ՞, ում հետևից է գնում՝ իրական ընդդիմությա՞ն, թե՞, Աստված չանի,  իշխանության կամ նրա դրածո ընդդիմության:

Ու չնայած  շատ հարցերի պատասխաններ այդպես էլ չտրվեցին, սակայն Պետրոսը հանգիստ անցնում էր հաջորդ հարցին: Անգամ պատասխաններից մեկի ժամանակ, Նարեկն իր արձագանքի վերջում ասաց. «Լա՛վ, անցանք», ու Պետրոսը չառարկեց. «անցանք»,- ասաց նա և անցավ:

Մի խոսքով` Պետրոսը ջերմ էր, հարգալից և զսպված: Այս վերաբերմունքը փոխադարձ էր:

Նարեկ-Պետրոս հարցազրույցը գուցե տեղիք չտար կասկածների, եթե մինչ այդ «Մեր ձևովը» չհրապարակել գովազդային մի տեսահոլովակ, որտեղ խոստանում է իրենց իշխանության գալուց հետո, ՔՊ-ականներին՝ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, մեղմ ասած,  դրսում չթողնել՝ ապահովել աշխատանքով:

 

Այսինքն, ի՞նչ է ստացվում, Նիկոլն ու նրա թիմակիցները, ովքեր երկիրը թշնամուն հանձնեցին, հազարավոր քաջորդիների մատաղ արեցին, Արցախը հայաթափեցին,  թշնամու առաջ երկրի դարպասները բացեցին, «հպարտ քաղաքացիների»  հարկերի հաշվին ստանում են ոչ միայ ճոխ աշխատավարձ, այլև պարգևավճար,  ունեզրկում են շարքային քաղաքացիներին՝ դժվարեցնելով մարդկանց կյանքը, հարվածում են մեր հավատքին, եկեղեցուն, նսեմացնում արժեհամակարգը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն պետք է աշխատեն ու շարունակեն բոլորին հավասար ապրել այնպես, կարծես ոչ մի բան էլ չի եղել:

 

Իսկ ո՞վ պետք է պատախան տա վերոհիշյալ հանցանքների համար: Այսինքն՝ Նարեկն ուզում է ասել, որ երբ գան իշխանության, մեղավորները պատասխանատվությա՞ն չեն ենթարկվելու: Եթե դա է «Մեր ձևովի» բռնած ձևը, քաղաքականությունը, դիրքորոշումը, ինչպես կուզեք՝ անվանեք, ապա ստացվում է, որ «Մեր ձևովը» շարժվում է Նիկոլի ձևով. այսինքն՝ Նիկոլն իր իշխանությունը խաղաղ ու սահուն հանձնում է դրածո ընդդիմությանը՝ գործած մեղքերը «սղղցնելու» և անպատիժ մնալու դիմաց:

 

Արմինե Մկրտումյան

Leave a Comment