Իրանը ԱՄՆ-ի կողմից իրականացված ցանկացած հարձակում՝ անկախ դրա մասշտաբից և ձևաչափից, կդիտարկի որպես լիամասշտաբ պատերազմի սանձազերծում և կպատասխանի «ամենախիստ ձևով», Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Պաշտոնյայի խոսքով՝ Թեհրանը չի տարբերակի «սահմանափակ» կամ այլ ձևաչափի հարձակումները։ «Ցանկացած հարձակում մենք կդիտարկենք որպես մեր դեմ ուղղված լիամասշտաբ պատերազմ»,- ընդգծել է նա։
Իրանցի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ երկրում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերը եղել են հետախուզական գործողություն՝ իրականացված օտարերկրյա հատուկ ծառայությունների աջակցությամբ։ Նրա պնդմամբ՝ ձերբակալվել են տասնյակ անձինք, որոնք անմիջականորեն կապված են Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի հետ, և Թեհրանը շարունակում է ուսումնասիրել այլ օտարերկրյա հետախուզական ծառայությունների ներգրավվածության աստիճանը։
Պաշտոնյան ընդգծել է, որ Իրանը մտադիր չէ բանակցել սովորական սպառազինությունների, այդ թվում՝ հրթիռային ծրագրի շուրջ։
Միևնույն ժամանակ Թեհրանը պատրաստ է քննարկել այն պայմանները, որոնք կերաշխավորեն երկրի իրավունքը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համար՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակում, ինչպես նաև «միակողմանի պատժամիջոցների ձևով իրականացվող ահաբեկչության» դադարեցումը։ Նրա խոսքով՝ Իրանը շահագրգռված չէ բանակցություններում, որոնք ի սկզբանե դատապարտված են ձախողման և կարող են օգտագործվել որպես նոր պատերազմի պատրվակ։
Հունվարի 22-ին հայտնի էր դարձել զոհերի թիվը: Նախարարը հստակեցրել է, որ նրանց թվում են 2427 խաղաղ բնակիչներ և ուժայիններ, ինչպես նաև 690 «ահաբեկիչներ»:
Արաղչիի խոսքով՝ անկարգությունների ընթացքում վնասվել են շտապօգնության 305 մեքենա և ավտոբուս, 24 բենզալցակայան, 700 խանութ, 300 առանձնատուն, 750 բանկ, 414 կառավարական շենք, 749 ոստիկանական բաժանմունք, 120 կենտրոն (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ենթակա ռազմականացված ջոկատներ-խմբ.), 200 դպրոց, 350 մզկիթ, 15 գրադարան, երկու հայկական եկեղեցի, 253 ավտոկայան, 600 բանկոմատ և 800 մասնավոր ավտոմեքենա:
Բողոքի զանգվածային ցույցերը երկրում սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ տիրող տնտեսական իրավիճակից դժգոհության պատճառով: Թեհրանն անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրել էր ԱՄՆ-ին և Իսրայելին:
