«News.5tv.am»-ը մի քանի հարց է ուղղել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունից ստացել ենք պատասխանները:
– Ձեր կարծիքով՝ արդյո՞ք Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։
– Մենք պարբերաբար հետևում ենք արդարադատության և իրավապահ համակարգում տեղի ունեցող զարգացումներին։ Սա կարևոր ոլորտ է։ Մեր մտահոգությունների դեպքում մենք դրանք բարձրաձայնում ենք Հայաստանի հետ գործընկերության ոգով։
Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը ԵՄ–Հայաստան գործընկերության հիմքում են։ Թափանցիկ, արդար և հաշվետու կառավարման համակարգը, անկախ և հաշվետու դատական իշխանությունը, ինչպես նաև պատշաճ դատավարական գործընթացը կարևոր են վստահության ձևավորման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։
Մենք այս հարցերի շուրջ պահպանում ենք կանոնավոր երկխոսություն հայկական իշխանությունների հետ։ Դրանք առանցքային բաղադրիչներ են ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), ինչպես նաև ԵՄ–Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգի շրջանակում իրականացվող բարեփոխումների։ Թեև վերջին տարիներին որոշ առաջընթաց է գրանցվել, մենք գիտակցում ենք, որ Հայաստանի քաղաքացիները շարունակում են ակնկալել ավելին, իսկ քաղաքացիական հասարակությունն ու որոշ ընդդիմադիր շրջանակներ բարձրաձայնում են երկրում մարդու իրավունքների որոշ ասպեկտների վերաբերյալ մտահոգություններ։ Կարող եմ վստահեցնել, որ մենք լսում ենք այդ դժգոհությունները և հետևում համապատասխան գործերին։ Դրական է նաև, որ հայկական ինստիտուտներն իրենք ևս գիտակցում են այդ մտահոգություններից մի քանիսը և դրանց լուծման անհրաժեշտությունը (նախնական կալանքի գերօգտագործում, խոսքի համար քրեական պատասխանատվություն)։
– Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը, ինչպես նաև գործարար և բարերար Սամվել Կարապետյանը զրկվել են իրենց ազատությունից։ Արդյո՞ք Դուք հետևում եք նրանց կալանավորման շուրջ ստեղծված իրավիճակին, և ինչպե՞ս եք այն գնահատում։
– Ինչպես նշվեց վերևում, ԵՄ պատվիրակությունը պարբերաբար հետևում է իրավիճակին։ Սակայն ԵՄ-ն չի կարող մեկնաբանել առանձին քրեական քննության գործեր, այդ թվում՝ կալանքի միջոցների վերաբերյալ որոշումները։ Նման գործերը գտնվում են Հայաստանի իրավապահ մարմինների և դատական համակարգի իրավասության ներքո։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր նման դեպքերում կապահովվեն պատշաճ դատավարական գործընթացը և մարդու իրավունքների հարգումը։
– Մարդու իրավունքների տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը՝ փոխարինելու Ամենայն հայոց կաթողիկոսին, որը ընդդիմության և Հայ առաքելական եկեղեցու կողմից բնութագրվում է որպես հակաեկեղեցական արշավ։
– Ինչպես մյուս դեպքերում, մենք ուշադիր հետևում ենք այս զարգացումներին։ Սա կարևոր հարց է հայկական հասարակության համար։ Ժողովրդավարական հասարակություններում, այդ թվում՝ ԵՄ-ում և Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում, ինչպիսին է Հայաստանը, գոյություն ունեն պետություն–եկեղեցի հարաբերությունների տարբեր մոդելներ։ Հայկական հասարակության խնդիրն է գտնել համապատասխան հավասարակշռությունը՝ հիմնված մտքի և կրոնի ազատության հարգման, ինչպես նաև երկրի սահմանադրական կարգի վրա։