Թրամփը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցի մասին – Armenia Today

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Ըստ Թրամփի՝ Վենսը կայցելի երկու երկրներ՝ խաղաղության նախաձեռնությունները ամրապնդելու և TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծը առաջ մղելու համար։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսին մեր կողմից ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար»,- գրել է Թրամփը։

ԱՄՆ վարչակազմը, նրա խոսքով, պատրաստում է «հրաշալի համաձայնագիր» Հայաստանի համար՝ խաղաղ միջուկային համագործակցության վերաբերյալ։

Ադրբեջանի վերաբերյալ Թրամփը հայտարարել է ռազմավարական գործընկերության ամրապնդման և ամերիկյան պաշտպանական սարքավորումների, այդ թվում՝ զրահաբաճկոնների և նավակների մատակարարման մեկնարկի մասին։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Leave a Comment