ՀՀ կառավարության (ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության), Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև հունվարի 23-ին ստորագրվեց Հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված պայմանագրով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների շրջանակում կողմերի միջև համագործակցության ուղղությունները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր ելույթում նշեց, որ տվյալ փաստաթուղթը ևս մեկ կարևոր քայլ է սոցիալական գործընկերների հետ համակարգված և փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
«Փաստաթղթի առանցքային նպատակն աշխատողների և գործատուների շահերի հավասարակշռված պաշտպանությունն է, ինչպես նաև վստահելի ու արդյունավետ երկխոսության կառուցումը։ Կառավարության և սոցիալական գործընկերների հետ հանրապետական մակարդակում ֆորմալ համագործակցության սկիզբը դրվել է դեռ 2009 թվականի ապրիլի 27-ին՝ Հանրապետական առաջին կոլեկտիվ պայմանագրի կնքմամբ։ Ավելին, ՀՀ-ն 1992 թվականից անդամակցում է Աշխատանքի միջազգային կազմակերպությանը (ԱՄԿ), և այս պայմանագրի ստորագրումը լիովին համահունչ է ԱՄԿ-ի կոնվենցիաներին, ինչպես նաև «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության» համաձայնագրի սկզբունքներին, որոնք սահմանում են խորհրդատվությունների և բարեփոխումների գործընթացում սոցիալական գործընկերների ներգրավումը»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը հավելեց, որ բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացումը և աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների շարունակական բարելավումը նաև Կառավարության ծրագրի առաջնահերթություններից է։
«Լիահույս ենք, որ այս պայմանագրի և դրա շրջանակում ձևավորված հանրապետական եռակողմ հանձնաժողովը կլինի ևս մեկ հարթակ, որը հնարավորություն կտա համապարփակ քննարկել սոցիալ-աշխատանքային և սոցիալ-տնտեսական հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաև այդ ուղղությամբ գտնել փոխհամաձայնեցված լուծումներ՝ ազգային ծրագրերին և միջազգային պարտավորություններին համապատասխան։ Ակնկալում ենք, որ այս պայմանագրի շրջանակում ևս կունենանք արդյունավետ համագործակցություն, իրական և շոշափելի արդյունքներ, որոնք կնպաստեն աշխատողների ու գործատուների շահերի պաշտպանությանը և մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ասաց Թորոսյանը։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայից Էլեն Մանասերյանը նշեց, որ սոցիալական գործընկերությունը պետության, գործատուների և աշխատողների միջև ոչ միայն համագործակցության ձևաչափ է, այլև՝ կայուն զարգացման, սոցիալական արդարության, արժանապատիվ աշխատանքի երաշխիք։
«Այս պայմանագիրը վկայում է կողմերի ընդհանուր պատրաստակամության մասին՝ կառուցելու փոխվստահության, երկխոսության ու պատասխանատվության վրա հիմնված աշխատանքային հարաբերություններ։ Մեր կոնֆեդերացիան մշտապես հանդես է գալիս աշխատողների իրավունքների պաշտպանության, սոցիալական երաշխիքների ամրապնդման, աշխատաշուկայի արդիականացման օգտին։ Այս պայմանագիրը ևս մեկ կարևոր քայլ է այդ ուղղություններով՝ նպաստելով աշխատանքի անվտանգության բարձրացմանը, արժանապատիվ վարձատրությանն ու սոցիալական կայունությանը»,- ասաց Մանասերյանը։
Նա տեղեկացրեց, որ բավականին երկար ժամանակ փաստաթղթի ձևավորման ընթացքում տեղի են ունեցել հանգամանալից քննարկումներ։ Ըստ նրա՝ բոլոր կողմերն էլ գիտակցում են պայմանագրի կարևորությունը, քանի որ այն միտված է կայուն, զարգացած Հայաստան ունենալուն։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը նշեց, որ սույն փաստաթուղթը ՀՀ-ում սոցիալական գործընկերությունը դնում է որակապես նոր հիմքերի վրա։
«Համատեղ որդեգրած ուղին համահունչ է միջազգային լավագույն չափանիշներին և վայելում է ԱՄԿ-ի լիակատար աջակցությունը։ Այս ռազմավարական կարևոր փաստաթուղթը վկայում է նաև փոխադարձ վստահության ու կառուցողական երկխոսության մասին։ ՀՀ կառավարության մասնակցությունը փաստում է, որ պայմանագրում ամրագրված դրույթները ոչ թե մեկ գերատեսչության, այլև ողջ գործադիր իշխանության հանձնառությունն է բիզնեսի ու աշխատողների առջև։ Սա լուրջ երաշխիք է գործատուների համար, որովհետև մեր կողմից բարձրացված հարցերը կստանան համակարգային լուծումներ կառավարության բոլոր մակարդակներում»,- ասաց Համբարձումյանը։
Նրա դիտարկմամբ՝ սույն պայմանագրով ամրագրվում է ինստիտուցիոնալ երկխոսության արդյունավետ մոդելը, ստեղծվում է հանրապետական եռակողմ հանձնաժողով, որտեղ գործատուների միությունը ստանում է իրական ու ազդեցիկ լծակներ։
«Այսուհետ աշխատանքային իրավունքին ու դրա հետ կապված բիզնես աշխարհին առնչվող ցանկացած օրենսդրական նախագիծ պետք է անցնի նշված հանձնաժողովի փորձաքննությունը։ Մենք հնարավորություն ենք ստանում Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին Կառավարության որոշմամբ և սահմանված կարգով մասնակցել նախարարական կոմիտեների նիստերին ու նախարարներին կից հասարակական խորհուրդներին, ինչը թույլ կտա գործատուի ձայնը հնչեցնել որոշումների կայացման ամենաբարձր մակարդակում»,- ասաց Համբարձումյանը։
Նա հավելեց, որ ցանկացած գործատուի համար տնտեսական հաջողության հիմքը կանխատեսելիությունն է, ուստի տվյալ պայմանագիրը սահմանում է խաղի հստակ կանոններ, որոնք ուղղված են սոցիալական արդարության ապահովմանը և աշխատանքային իրավունքների պաշտպանությանը միջազգային չափանիշներին համապատասխան։
«Միասին մշակելու ենք աշխատավարձերի ինդեքսավորման մեխանիզմներ, աջակցելու ենք աշխատանքային վեճերի արտադատական լուծմանը և գործատուի վճարունակության դեպքում իրավունքների պաշտպանությանը։ Սա երաշխիք է, որ ցանկացած փոփոխություն կլինի հավասարակշռված և չի վնասի բիզնեսի կայունությանը։ Մեր տեսլականը միտված է տնտեսական զարգացմանն ու առաջընթացին, հետևաբար, պարտավորվել ենք խթանել գիտելիքահեն նորարարական տնտեսությունը և թվային տեխնոլոգիաների ներդրումը աշխատավայրերում։ Կարևորում ենք նաև կրթությունը։ Սա է այն ճանապարհը, որի միջոցով կկառուցենք մրցունակ տնտեսություն և կապահովենք մարդկային կապիտալի շարունակական զարգացումը»,- եզրափակեց Համբարձումյանը։
Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի համակարգող Էմանուել Ժուլիենն առցանց տարբերակով իր ուղերձը հղեց միջոցառման մասնակիցներին։

