Երևան քաղաքի քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, այսօր սկսվեց սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի, Կարեն Աբրահամյանի և վիրավոր Արծրուն Գալստյանի գործով դատական առաջին նիստը։
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Այսօր դատարանի բակում մեծաթիվ ոստիկաններ էին` հաշվի առնելով գործի սրությունն ու հնչեղությունը։
Նախ դատարան եկան Վալոդյա Գրիգորյանի հայրն ու հարազատները, ապա դատարան բերվեցին մեղադրյալներ Գևորգ Հարությունյանն ու Նարեկ Օհանյանը։ Նրանք իրենց պաշտպաններ Վահան Հովհաննիսյանի և Սերգեյ Մանուկյանի միջոցով առարկեցին լրատվական միջոցների կողմից իրենց տեսանկարահանումը։ 168.am-ը լուսաբանում է դատական նիստը` առանց մեղադրյալների դեմքն արձանագրելու։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։
Քրեական գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։
Սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի ազգականն է, իսկ Ախտոյանը, տարածված տեղեկությունների համաձայն, Վալոդյա Գրիգորյանի սպանությունից օրեր անց լքել է երկիրը։
Մանրամասները՝ տեսանյութում: