ՄԻՊ-ն այցելել է ուսումնական զորամաս, ծանոթացել պայմաններին

ՄԻՊ-ն այցելել է ուսումնական զորամաս, ծանոթացել պայմաններին

23 հունվարի 2026 – 13:10 AMT

PanARMENIAN.Net – Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու իր աշխատակազմի անդամները՝ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում, այցելել են պաշտպանության նախարարության N ուսումնական զորամաս։

Այցի ընթացքում, զորամասի հրամանատարության ուղեկցությամբ, իրականացվել է շրջայց՝ տեղում ծանոթանալու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և ծառայության կազմակերպման առանձնահատկություններին։

Պաշտպանը զրույցներ է վարել նորակոչիկների հետ, ովքեր պատմել են իրենց ծառայության ընթացքում ունեցած առօրյայի, ծառայության պայմանների, հրամանատարության և ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, ինչպես նաև զինվորական միջավայրին ինտեգրվելու գործընթացի վերաբերյալ։

Նորակոչիկների իրավունքների հարցերը մշտապես գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում, դրանք պարբերաբար բարձրաձայնվում և հասցեագրվում են տարբեր հարթակներում։

Այցի հիմնական նպատակը եղել է նորակոչիկների զինծառայության մեկնարկային փուլի, նրանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի, ծառայության ընդհանուր պայմանների և իրավունքների իրացման վիճակի գնահատումը։

Միևնույն ժամանակ, ՄԻՊ-ը կարևորել է այն բարեփոխումները, որոնք նպաստել են զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ դրական փոփոխություններին և ծառայության պայմանների շարունակական բարելավմանը։

Leave a Comment