23 հունվարի 2026 – 13:26 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Քննարկման ընթացքում պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց է ուղղել՝ արդյոք նախագծով նախատեսված փոփոխությունները պետք չէ անել առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ՝ մատնանշելով նման պահանջի հնարավոր առկայությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որպես հիմնական զեկուցող, պարզաբանել է, որ խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով, ընդամենը հստակեցվում է արդեն գործող կանոնը, հայտնում է 1lurer.am-ը:
Նա հավելել է, որ նման սահմանափակում ամրագրված չէ օրենքով, այլ առնչվում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին։
«Վենետիկի հանձնաժողովն ունի ուղեցույց, որը կոչվում է «Ընտրական հարցերի լավագույն փորձի կանոնագիրք», և այդ ուղեցույցն ասում է, որ ցանկալի չէ Ընտրական օրենսգրքի ֆունդամենտալ տարրերի փոփոխությունն ընտրություններից անմիջապես առաջ, և մասնավորեցնում է, թե որոնք են այդ ֆունդամենտալ տարրերը՝ ընտրական կարգը, այսինքն՝ համամասնակա՞ն է, թե մեծամասնական, երկրորդը՝ ընտրական հանձնաժողովներում անդամակցությանն առնչվող հարցերը, երրորդը՝ ընտրատարածքների սահմանների փոփոխությունները:
Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովի այդ դիրքորոշումը վերաբերելի է ոչ թե Ընտրական օրենսգրքի ցանկացած փոփոխության առհասարակ, այլ մասնավորապես ֆունդամենտալ տարրերին: Ընդ որում ասվում է՝ ցանկալի չէ, ոչ թե արգելո՛ւմ է փոփոխությունը: Այդտեղ նաև մի շարք պայմաններ են նախատեսվում, թե որ դեպքում կարող են նույնիսկ այդ ֆունդամենտալ տարրերը փոփոխության ենթարկվել:
Ուզում եմ ասել, որ մենք այստեղ որևէ գլոբալ փոփոխություն չենք անում, և խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով, ընդամենը հստակեցվում է արդեն գործող կանոնը»,- ասել է պատգամավորը:
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: