ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել Գրենլանդիայի և Արկտիկական տարածաշրջանի ապագայի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի շուրջ, գրում է The Telegraph-ը՝ հղում անելով Թրամփի հայտարարություններին:
Թրամփը պայմանավորվածությունները բնութագրել է որպես երկարաժամկետ և հայտարարել, որ դրանք ուղղված են ԱՄՆ-ի ազգային և միջազգային անվտանգության ամրապնդմանը։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ համաձայնագրի շրջանակները չեն նախատեսում Գրենլանդիայի փոխանցում ԱՄՆ-ին։ Դրա փոխարեն պայմանավորվածությունները թույլ են տալիս Վաշինգտոնին հաստատել սուվերեն վերահսկողություն կղզում գտնվող մի շարք ռազմական բազաների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ն նախատեսում է օգտագործել ռազմական գործողությունների, հետախուզության, զորքերի պատրաստման, ինչպես նաև առանձին տնտեսական նախագծերի համար։
Իր հերթին Ռյուտեն հայտարարել է, որ բանակցությունները կենտրոնացած են եղել Արկտիկայի անվտանգության հարցերի վրա՝ Ռուսաստանի և Չինաստանի աճող ակտիվության ֆոնին։ Նա ընդգծել է, որ քննարկումները չեն առնչվել Դանիայի սուվերենությանը Գրենլանդիայի նկատմամբ։
Թրամփը նաև հայտնել է «Ոսկե գմբեթ» նախագծի շուրջ շարունակվող խորհրդակցությունների մասին, որը նախատեսում է կղզում հրթիռային համակարգերի տեղակայում։ Համաձայնագրի հայտարարումից հետո Վաշինգտոնը հրաժարվել է մի շարք եվրոպական երկրների նկատմամբ 10%-անոց առևտրային մաքսատուրքերի սահմանումից։
Միևնույն ժամանակ Եվրամիությունում իրավիճակը չեն համարում կարգավորված։ Politico-ի փոխանցմամբ՝ եվրոպացի պաշտոնյաները վաղաժամ են համարել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածության նվազման մասին խոսելը՝ նույնիսկ Թրամփի կողմից մաքսատուրքերի սպառնալիքներից հրաժարվելուց հետո։ Գերմանիայի փոխկանցլեր Լարս Կլինգբայլը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է սպասի Թրամփի և Ռյուտեի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ բովանդակությանը և չի կարող հարցը փակված համարել։
Այս կապակցությամբ ԵՄ առաջնորդները կանցկացնեն արտակարգ գագաթնաժողով՝ անդրատլանտյան հարաբերությունների և Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման համար։
Թրամփը Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում կոչ էր արել սկսել Գրենլանդիայի գնման շուրջ բանակցություններ՝ հայտարարելով, որ միայն ԱՄՆ-ն է ի վիճակի ապահովել կղզու անվտանգությունը, ինչը կտրուկ արձագանք էր առաջացրել եվրոպացի դաշնակիցների շրջանում։
