Կարապետյանների հիմնադրամը կրկնապատկել է «Հայ Դավիթ» մուլտֆիլմի վճարումներից ստացված շահույթը և ուղղորդել «Հայ մայրեր» հիմնադրամին

Monk3channel յութուբյան ալիքի նկարահանած «Հայ Դավիթ» մուլտֆիլմի ամբողջ հասույթը «Սարգիս Կարապետյան» բարեգործական հիմնադրամի կողմից կրկնապատկված տրամադրվել է «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպությանը, հայտնել է «Հայ մայրեր» ՀԿ ղեկավար Նարինե Մանուկյանը Ինստագրամում:

Նա նշել է, որ այսօր «Սարգիս Կարապետյան» հիմնադրամը փոխանցել է 20 միլիոն դրամ՝ «Երազի Տուն» մանկական վերականգնողական կենտրոններում բուժում ստացող երեխաների վերականգնողական թերապիաների համար:

«Սա աննախադեպ միանվագ նվիրատվություն է մեր կազմակերպության 13 տարիների պատմության մեջ, և մենք անսահման շնորհակալ ենք Կարապետյանների ընտանիքին մեզ ընտրելու, անգին վստահության և հոգատարության համար», – նշել է Մանուկյանը:

Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը լինելու է շարունակական և արդյունավետ՝ ի շահ մեր երեխաների և նրանց ընտանիքների բարօրության:

«Առանձնահատուկ շնորհակալություն Սարգիս և Տաթևիկ Կարապետյաններին՝ հոգատար, նրբանկատ, մարդասեր վերաբերմունքի և անսահման բարության համար», – գրել է ՀԿ ղեկավարը:

Հայաստանում դեկտեմբերի 4-ին կայացել էր «Հայ Դավիթ» անիմացիոն ֆիլմի պրեմիերան: «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը նշել էր, որ հիմնադրամը, որը կրում է իր պապի անունը, կկրկնապատկի մուլտֆիլմի ողջ հասույթը և կփոխանցի «Հայ մայրեր» հիմնադրամին:

Leave a Comment