Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ուղերձով է հանդես եկել ուղղված հայ ժողովրդին՝ պարզաբանելով իրանական իշխանությունների դիրքորոշումը բողոքի ցույցերի ընթացքում բռնության անընդունելիության վերաբերյալ և ընդգծելով, որ պետության առաջնահերթությունը մնում է քաղաքացիների անվտանգության և հասարակական կայունության ապահովումը։ Դիվանագետը նաև ուղիղ զուգահեռներ է անցկացրել Հայաստանի փորձի հետ՝ նշելով երկու երկրների պատմական և քաղաքական դասերի նմանությունը։
«Որպես Իրանի դեսպան Հայաստանում՝ կարծում եմ, որ մեր երկու ժողովուրդներն էլ ապրել են պատմության խաչմերուկներում և լավ գիտեն՝ «անկայունությունը հեշտ է սկսվում, սակայն դրա ավարտը երբեք հեշտ չի լինում»։ Իրանի և Հայաստանի՝ երկու մեծ ժողովուրդների համատեղ փորձը մեծ արժեք է փոխըմբռնման, միմյանց պայմանների խորքային ընկալման և միմյանց կողքին լինելու համար», – ասվում է ուղերձում։
Իր հայտարարության մեջ դեսպանը ընդգծել է, որ խաղաղ քաղաքացիական բողոքը ցանկացած պետության հասարակական և քաղաքական կյանքի անբաժանելի մասն է և զարգացման անհրաժեշտ պայման։ Միևնույն ժամանակ նա մատնանշել է սկզբունքային սահմանը օրինական դժգոհության արտահայտման և այն գործողությունների միջև, որոնք սպառնում են հասարակական անվտանգությանը և հանգեցնում են ապակայունացման։
Դիվանագետի խոսքով՝ Իրանում վերջին իրադարձությունների ընթացքում բողոքի ակցիաները, որոնք սկզբում պայմանավորված էին տնտեսական պահանջներով, մի քանի օր անցել են խաղաղ մթնոլորտում՝ ստեղծելով երկխոսության հնարավորություն հասարակության և իշխանությունների միջև։ Այդ երկխոսությունը, ինչպես նշել է դեսպանը, ուղղված էր կառավարության որոշումների քննարկմանը և սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման ուղիների որոնմանը։
Սակայն, Շիրղոլամիի խոսքով, իրավիճակը փոխվել է այն խմբերի և տարրերի միջամտությունից հետո, որոնց նպատակը եղել է բռնությունը, ավերիչ գործողությունները և հասարակական անվտանգության խաթարումը։ Դեսպանը նշել է, որ իշխանությունների կողմից բռնության մերժումը չի նշանակում բողոքի կամ հավաքների իրավունքի սահմանափակում։ Ընդհակառակը՝ այս դիրքորոշումը, նրա խոսքով, ուղղված է հասարակության, պետության և հենց քաղաքացիների պաշտպանությանը, ինչպես նաև ներքին խնդիրների խաղաղ և փուլային լուծման հնարավորության պահպանմանը։
Անդրադառնալով Հայաստանին՝ դիվանագետը հայտարարել է, որ հայկական հասարակությանը հայտնի են բողոքների արմատականացման և քաղաքական բռնության հետևանքները, հատկապես արտաքին ճնշման և աշխարհաքաղաքական դիմակայությունների պայմաններում։ Նա ընդգծել է, որ Հայաստանի պատմական փորձը ցույց է տալիս՝ նման գործընթացները խաթարում են ժողովրդավարական կայունությունը, հասարակական վստահությունն ու քաղաքացիների անվտանգությունը՝ չբերելով դրական արդյունքների։
Այս համատեքստում Շիրղոլամին նշել է, որ հայկական քաղաքական մշակույթում օրինական բողոքի և կործանարար բռնության հստակ տարանջատումը դարձել է համազգային սկզբունք՝ կուսակցական և քաղաքական տարաձայնությունների շրջանակներից դուրս։ Նրա խոսքով՝ հենց այս մոտեցումն է, որ թույլ է տալիս հասարակությանը պահպանել կայունությունը ճգնաժամերի և լարվածության ժամանակահատվածներում։
Ուղերձում դեսպանն առանձին ուշադրություն է դարձրել արտաքին դերակատարների նշանակությանը։ Նա հայտարարել է, որ արտաքին միջամտության փորձերը, որոնք ուղղված չեն երկխոսությանը նպաստելուն, այլ լարվածության սրմանը, միայն խորացնում են ճգնաժամը և հանգեցնում երկարաժամկետ բացասական հետևանքների ամբողջ հասարակության համար։
Դիվանագետն ընդգծել է, որ բռնությունից հրաժարումը, քաղաքացիական անվտանգության պաշտպանությունն ու ազգային ինքնիշխանության հարգումը համընդհանուր սկզբունքներ են, որոնք չեն վերաբերում ոչ «արևելյան», ոչ «արևմտյան» մոդելին, ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը։
«Սրանք նվազագույն կանոններն են ցանկացած հասարակության համար, որը ձգտում է իր տարաձայնությունները լուծել՝ առանց քաոսի և անկայունության մեջ ընկղմվելու», – նշել է նա։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ բողոքի ցույցերի միջոցով ԱՄՆ-ն փորձում է կլանել Թեհրանի ինքնիշխանությունը։ Իրանում բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 28-ին՝ ռիալի կտրուկ արժեզրկման և գների աճի պատճառով։ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի տվյալներով՝ վերջին բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 3,117 մարդ։
Ակցիաները տեղի են ունեցել ոչ միայն Իրանում, այլև իրանական մեծ սփյուռքներ ունեցող այլ երկրներում։ Երևանում հունվարի 17-ին մասնակիցները ցանկացել էին երթով հասնել Կապույտ մզկիթ, սակայն երթն արտոնված էր, ինչի հետևանքով յոթ մարդ ենթարկվել է վարչական ձերբակալման՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով («ոստիկանի օրինական պահանջը չկատարելը»)։
