Չպետք է ողջ «խաղադրույքը» դնել Ադրբեջանի հետ համագործակցության վրա. Դավիթ Ստեփանյան

Չպետք է ողջ «խաղադրույքը» դնել Ադրբեջանի հետ համագործակցության վրա. Դավիթ Ստեփանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու հնարավոր ուղղություններին, նշելով որ փոխադարձաբար օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից: 

Radar Armenia-ի հետ զրույցում Դավիթ Ստեփանյանն ասաց՝ խաղաղության գործընթացում ցանկացած քայլ դրական է գնահատում։

Նրա խոսքով՝ մենք ունենք լուրջ խնդիրներ՝ էներգակիրների հետ կապված։ Հիմնականում կախված ենք Ռուսաստանից, որի հետ առկա են կապի և համագործակցության էական դժվարություններ. «Օրինակ, հեղուկ գազի շուկայում այս պահին գները մոտ երեք անգամ բարձրացել են, քանի որ Լարսը տարրական պատճառներով փակ է։ Տարիներ շարունակ մենք գտնվում ենք քաղաքական և տնտեսական կախվածության մեջ, ինչը մեզ համար անընդունելի է»։ 

Այս համատեքստում քաղաքագետը Ադրբեջանի հետ համագործակցությունը  դիտարկում է որպես հնարավոր ուղղություններից մեկը։ Սակայն ընգծում է՝ «Չպետք է ամբողջ «խաղադրույքը» դնենք Ադրբեջանի հետ համագործակցության վրա»։ 

Ըստ նրա՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանը պարզապես փակեց գազամատակարարումը, ինչի հետևանքով առաջացան «մութ և ցուրտ» տարիները․ «Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ մենք 100%-ով կախված էինք Ադրբեջանից»։

Ըստ քաղաքագետի՝ պետք է հաշվի առնել հնարավոր ռիսկերը, քանի որ տարիների ընթացքում իրավիճակը կարող է փոխվել թե՛ դրական, թե՛ բացասական ուղղությամբ. «Ոչ մի դեպքում չպետք է ամբողջությամբ հրաժարվել ռուսական էներգակիրներից, այլ պետք է միաժամանակ փորձենք էներգակիրներ ներմուծել Իրանից, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով՝ Թուրքմենստանից»։

Այն, որ էներգետիկ համակարգերը միանալու են իրար, և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից, քաղաքագետի խոսքով՝ դա հնարավոր է այնքանով, որքանով քննարկվել է Վաշինգտոնում, և խոսքը միայն TRIPP-ի մասին չէ։  

«Վարչապետը խոսել է Նախիջևանի երկաթուղու բացման մասին, հիշենք, որ հայտարարությունների մակարդակով Ալիևը դա հաստատել է՝ ընդգծելով, որ ադրբեջանցիները պետք է հնարավորություն ստանան Հայաստանի տարածքով հասնել Նախիջևան, իսկ հայերը՝ Նախիջևանի տարածքով գնալ Իրան, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով փոխադրել բեռներ։ Այս մոտեցումը, սակայն, հայտարարությունների մակարդակով, փոխադարձ է»։

Երբ Ադրբեջանը փորձի քաղաքական ճնշում գործադրել, Հայաստանը կկարողանա՞ նման իրավիճակից դուրս գալ, կա՞ն համապատասխան ռեսուրսներ․ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ դրա համար պետք է դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերել։ Ադրբեջանը պետք է դիտարկվի որպես հնարավոր ուղղություններից մեկը, և պետք է շարունակենք պահպանել կապերը մեր մյուս հարևան երկրների հետ։

Լաուրա Հարությունյան

Leave a Comment