Ցանկացած պահի հնարավոր է Սամսոնյանի սրտի աշխատանքի և շնչառության անսպասելի և կտրուկ վատթարացում. Բժիշկ


Այսօր՝  հունվարի 22-ին  քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 14-րդ օրն է: Նարեկը դիմել է ապօրինությունների դեմ պայքարի ամենածայրահեղ միջոցին:

Բժիշկ Եկատերինա Թաիրյանն ամեն օր իր էջում  ներկայացնում է, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմի հետ՝ հացադուլի ամեն հաջորդ օրը։ 

Հացադուլի 14-րդ օր. ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՓՈՒԼ

«Օկուպացիոն ռեժիմի կողմից պատանդառված Նարեկ Սամսոնյանի կյանքը շարունակում է մնալ վտանգված:

Նարեկի հացադուլը հատել է վտանգավորության կրիտիկական սահմանը: ՑԱՆԿԱՑԱԾ պահի հնարավոր է նրա սրտի աշխատանքի և շնչառության անսպասելի և կտրուկ վատթարացում, ընդհուպ մինչև սրտի կանգ:

Մինչ այս պահը ո՛չ մի հստակ բժշկական մասնագիտական գնահատական չի հնչել Նարեկի առողջական վիճակի մասին:

Մենք չգիտենք, թե ինչպե՞ս են բժիշկները գնահատում Նարեկի վիճակը, ի՞նչ ռիսկեր են տեսնում մոտակա ժամերին և օրերին:

Ի՞նչ փոփոխություններ և տատանումներ կան Նարեկի զարկերակային ճնշման, սրտի զարկերի, շնչառության հաճախականության, մարմնի քաշի, ջերմաստիճանի և այլ կենսական կարևոր ցուցանիշներում:

Մի բան հստակ է և օրինաչափ. 14 օր սննդից ամբողջովին հրաժարված և ոչ մի տեսակի վիտամինային և սննդային հավելումներ չստացող մարդու օրգանիզմը հյուծվում է արագորեն, վտանգ կա, որ հյուսվածքների ախտահարումները կլինեն անդառնալի և մշտական:

Այս փուլում Նարեկի մոտ ահագնանալու են թուլությունը, գլխապտույտները, սրտխառնոցը, կրծքավանդակի, որովայնի և մկանների ցավերը, հնարավոր է գիտակցության կորստի էպիզոդներ, մկանային ցնցումներ և այլ նյարդաբանական երևույթներ:

Թեև մենք Նարեկին չենք տեսնում, պարզ է, որ Նարեկը խոշտանգվում է ուղիղ եթերում` մեր բոլորի աչքի առջև:

Սա ակնհայտ քրեական հետապնդում է. շինծու քրեական գործ է կարվել իշխանավորի քիմքին ոչ հաճո խոսք հնչեցնելու համար:

Հ.Գ. ամեն օր Կանադայի փողոցներում հանդիպում եմ Կանադայի վարչապետ Ջաստին Տրուդոյի հասցեին F*ck Trudeau գրությամբ մեքենաների: Վարչապետ Տրուդոյի մտքով էլ չէր անցնում այս մեքենաների վարորդներին հետապնդել, բանտարկել ու խոշտանգել: Ճիշտ հակառակը` Տրուդոն ոչ մեկի վրա չթքեց, ոչ մեկի վրա գործ չտվեց, և ինքը ստիպված եղավ լքել վարչապետի պաշտոնը մեկ տարի առաջ»։

Leave a Comment