Պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի

Կառավարությունը հավանություն է տվել ֆինանսների նախարարության նախագծին, որով առաջարկվում է սահմանափակել պետական գնումներին պետական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը՝ շահերի բախումը բացառելու նպատակով։

Ֆինանսների  նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարությնա նիստում նշել է, որ նախագծով ներդրվում է շահերի բախման կանխարգելման նոր մոդել, որը նախատեսում է պետական գնումներին մասնակցության սահմանափակումներ՝ կախված պաշտոնյայի ազդեցության աստիճանից։

Նա ընդգծել է, որ առաջարկվող կարգավորմամբ սահմանվում են երեք մակարդակով սահմանափակումներ։

Առաջին մակարդակում խոսքը վերաբերում է ամենաբարձր ազդեցություն ունեցող պաշտոնյաներին․ նրանց հետ փոխկապակցված ընկերություններին ամբողջությամբ կարգելվի մասնակցել որևէ հանրային գնման գործընթացի՝ անկախ պատվիրատուից կամ ոլորտից։ Այս խմբում ընդգրկվում են ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը և գնումների քաղաքականությունը համակարգող նրա տեղակալը։

Երկրորդ մակարդակում սահմանափակումը վերաբերում է այն դեպքերին, երբ ընկերությունը փոխկապակցված է տվյալ պաշտոնյայի հետ․ այդ ընկերությունները չեն կարող մասնակցել այն մարմինների կողմից կազմակերպվող գնումներին, որոնք գտնվում են տվյալ պաշտոնյայի ղեկավարության կամ ազդեցության ներքո։ Այստեղ ներառվում են վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ պատգամավորների և համայնքի ավագանու անդամների), գլխավոր դատախազը, նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու գլխավոր քարտուղարները։

Երրորդ մակարդակում սահմանափակումը կիրառվում է միայն տվյալ պատվիրատուի կողմից իրականացվող գնումների շրջանակում։ Այս խմբում ընդգրկվում են անկախ և ինքնավար պետական մարմինների անդամները, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment