21 հունվարի 2026 – 10:46 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 20-ին այցելել է «Վելլար գրուպ» ընկերության նոր կառուցվող շոկոլադի և հրուշակեղենի գործարան, որը լինելու է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանը:
Ներկայումս ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է շուրջ 120 միլիոն եվրոյի ներդրում, առաջիկայում նախատեսվում է ներդնել ևս 25 միլիոն եվրո։
Ընկերության ղեկավարության ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել ներդրված սարքավորումներին, արտադրական հզորություններին և տեխնոլոգիական հոսքագծերին։
Գործարանի տարածքը մոտ 25 հա է։ Այն հագեցած է հիմնականում գերմանական և դանիական առաջատար ընկերություններից ներմուծված ժամանակակից սարքավորումներով։ Երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի։
Նախատեսվում է արտադրել հրուշակեղենի լայն տեսականի՝ շոկոլադե և կարամելային կոնֆետներ, սպիտակուցային և մրգային բատոններ, շոկոլադապատ թխվածքաբլիթներ և վաֆլիներ, ինչպես նաև հայկական չրեր՝ պատված բարձրորակ շոկոլադով։
«Վելլար գրուպ»-ն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագրից։
«Վելլար գրուպ»-ը շվեդական ծագմամբ GNG միջազգային բիզնես խմբի ընկերություններից է