20 հունվարի 2026 – 15:14 AMT
PanARMENIAN.Net – «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը TRIPP նախաձեռնությունն օգտագործում է նույն կերպ, ինչպես 2021-ին ներկայացվող «խաղաղության օրակարգը», որն ի վերջո հանգեցրել է պատերազմական զարգացումների և Արցախի հայաթափման։
«Նիկոլը ցանկանում է նույն հնարքը կիրառի, տեսել է, որ հեշտ խաբվող հասարակություն է ձևավորվել, որին կարելի է նման գաղափարներ մատուցել «խաղաղության» մասին և բոլոր կողմերից էլ իրեն կօգնեն, որ մնա իշխանության։ Թուրքերը՝ մի կողմից, ադրբեջանցիները՝ մյուս կողմից դարձել են Փաշինյանի քարոզիչը, շտաբի անդամները, արդեն ընտրական գործընթաց են սկսել, որ սա կարողանա այդ ամենը մեծագույն ձեռքբերում ներկայացնի, հերթական անգամ ժողովրդին խաբի և քվե ստանա»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Ըստ նրա՝ այդ բանակցություններում Հայաստանը չկա:
«Այն ներկայացնող մարդը կա, որը լուծում է իշխանության մնալու իր խնդիրը»,-ասել է նա:
Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ նաև TRIPP-ում Հայաստանի մասնաբաժնի կշռին։ Նա նկատել է, որ հնարավոր չէ, որ իր երկրի տարածքով անցնող ճանապարհի կառավարման բաժնեմասի առնվազը կեսը չտիրապետի սուվերեն երկիրը։
«Հարց է առաջանում, թե որ չափից են սկսել բանակցել, որ հասել են 26%-ի։ Ինչպես ճիշտ մեկնաբանեց պարոն Օսկանյանը, թե այնտեղ լուռ նստեինք, կարող է մի քիչ ավելի շատ ունենայինք»,- ասել է Ռուստամյանը։
Արձագանքելով իշխանությունների փաստարկին, թե նախկիններն էլ գույք-պարտքի դիմաց շատ բաներ են տվել՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ այդ գործարքները օգուտ են տվել երկրին և բազմաթիվ գործարաններ սկսել են Հայաստանում աշխատել։
«Մենք սեղանի շուրջ չենք, այլ վրա ենք և ձևական բուտաֆորիայի նման նստում ենք այնտեղ և մնացածները որոշում են, թե մեզ ինչ կրճոններ տան»,-ասել է պատգամավորը:
Նա նկատել է, որ փաստաթղթում խորամանկորեն գրված է, որ ՀՀ սահմանապահները կլինեն «բեք-օֆիսում», իսկ ԱՄՆ-ի ստորաբաժանումները «Ֆրոնտ-օֆիսում»և կիրականանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայանջը, որ իրենք չպետք է տեսնեն հայ ոստիկանի կամ սահմանապահի դեմք։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։