ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

«Մեր ձևով» շարժումն այսօր ներկայացրեց Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը՝ կապված ՀՀ զարգացման իրենց տեսլականի հետ։ Մասնավորապես, շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց 5 կետից բաղկացած ծրագիրը, որոնք ենթադրում են 300 հազար նոր աշխատատեղ ՀՀ-ում, Հայաստանում փոքր բիզնեսի ազատում հարկերից՝ նրանց զարգանալու հնարավորություն տալու համար, ապահովելու են, որ Հայաստանում դեղերի գները նվազեն, ինչպես նաև խոսվեց մթերման կայանների ստեղծման մասին, որպեսզի գյուղացիները կարողանան մթերել իրենց բերքը, և այն սեզոնին չփչանա։
24News-ը այս առնչությամբ զրուցել է տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ՝ հասկանալու, թե որքանո՞վ է ներկայացված ծրագիրը իրատեսական։
Տնտեսագետի խոսքով՝ բացի գործարար, նաև քաղաքական կամք դրսևորելու դեպքում հնարավոր է ներկայացված ծրագիրը կյանքի կոչել․
«Ես հստակ չեմ կարող ասել՝ 200 հազար կամ 300 հազար աշխատատեղ կարող են ստեղծել, բայց որ աշխատատեղերի ավելցուկ կարող է լինել ՀՀ-ում, ես դրա մասին արդեն երկու տասնամյակ է վերլուծություններ եմ ներկայացրել՝ հիմնավորումներով։ Եվ միշտ նշել եմ, որ ամոթ է, որ ՀՀ-ում ունենք ոչ միայն գործազրկության բարձր մակարդակ, այլ ընդհանրապես գործազրկություն, և առավել ամոթ է, որ աշխատատեղերը հիմա լրացվում են արտագնա աշխատանքով Հայաստան եկողների կողմից», – նշեկ է նա։
Մանասերյանի դիտարկմամբ՝ մշակույթն ու վերաբերմունքը պետք է փոխվեն աշխատանքի նկատմամբ։
«Այն, ինչ ունենք մենք պետական կառույցի անվան մեջ, ընդհանրապես չի գործածվում և արժեզրկում է ընդհանրապես աշխատանք բառը։ Խոսքը վերաբերում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը․ աշխատանք բառը կարծես դուրս է եկել, և մարդկանց շրջանում սոցապնախարարություն է դարձել։ Այսինքն՝ աշխատանքի հանդեպ պետության վերաբերմունքը պետք է փոխվի, և այդ առումով շատ ողջունելի է այն, ինչ ներկայացվում է։ Կարելի է շատ ավելի իրատեսական բնույթ դրան հաղորդել և մոբիլիզացնել տնտեսագիտական հանրությանը, որովհետև շատ լավ է, որ գործարարի լուրջ մտածողությամբ ենք մենք դրան մոտենում, և այդ ծրագրում կան այդպիսի լուծումներ, բայց կարևորը այն է, որ մի քիչ ավելի Հայաստանի առանձնահատկությունները հաշվի առնվեն և համախմբված փորձեն այդ խնդիրները լուծել»,- նշեց տնտեսագետը։
Հարցին, իսկ այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանը հաջողակ գործարար է, հիմք է արդյոք լավ տնտեսական ծրագիր գրելու համար, տնտեսագետն ասաց, որ՝ այո․
«Կարապետյանը խոշոր մասշտաբի գործարար է և կարելի է ասել միջազգային, որովհետև եղել են փորձեր menu.am և նման այլ փոքր բիզնեսների հաջողակներին կամ անհաջողակներին պրոյեկտել՝ տանել պետական աշխատանքի, դա, կարծում եմ, ճիշտ չէ։ Ես չեմ ուզում շատ բարձր նոտաներ վերցնել նրան նկարագրելու համար, բայց կարծում եմ՝ նա բավական լուրջ պետական մտածողություն ունեցող գործարար է, նույնիսկ այս հավակնություններից առաջ։ Տարիներ շարունակ դա առանց աղմուկի իրենից կախվածն արել է, և ինձ թվում է՝ ողջունելի է, որ իր մեջ մեկտեղվում են և՛ գործարարի հմտությունները, և՛ պետական մտածողությունը»։
—00—ԼԱ