ՀՀ և Իտալիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

ՀՀ և Իտալիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

20 հունվարի 2026 – 10:30 AMT

PanARMENIAN.NetՀայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև Հռոմում կայացած հերթական քաղաքական խորհրդակցությունների շրջանակում ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն ու Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլին զրուցել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը միտված հարցերի շուրջ։

Կողմերն անդրադարձ են կատարել վերջին տարիների ընթացքում հայ-իտալական հարաբերությունների զարգացման դինամիկային՝ առանձնացնելով բարձրաստիճան փոխայցելությունները՝ որպես քաղաքական երկխոսության խորացման և արդյունավետ տնտեսական համագործակցության խթանման կարևոր բաղադրիչ։

Քննարկվել է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ: Կողմերն ընդգծել են մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի, ներդրումների խթանման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով համատեղ քայլերի իրագործման կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան–Եվրամիություն գործընկերության ռազմավարական ուղղությունների շուրջ։ Անդրադարձ է եղել 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի, ինչպես նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին։

Վահան Կոստանյանը իտալական կողմին ներկայացրել է 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանային իրավիճակի վրա Հայաստանի դիրքորոշումը։

Բացի այդ, փոխնախարարը անդրադարձ է կատարել ընթացիկ տարվա հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև կայացած հանդիպման մանրամասներին՝ մատնանշելով, որ այդ շրջանակում ընդունվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության՝ Հայաստան–ԱՄՆ համատեղ իրականացման շրջանակը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment