Հայաստանն ու Գերմանիան, ստորագրելով ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, դրել են երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման հիմքը․ այդ փաստաթուղթը ոչ միայն Երևանի ու Բեռլինի ձեռքբերումների գրավոր արձանագրումն է, այլ նաև ապագայի կողմնացույցը։
Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը՝ խոսելով Հայաստան-Գերմանիա հարաբերությունների ներկա մակարդակի, դրանց զարգացման հեռանկարների, Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումների և դրանց շուրջ Բեռլինի դիրքորոշումների ու մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Դեսպանը, անդրադարձ կատարելով նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով, որ այժմ վճռորոշ նշանակություն ունի, որ Երևանն ու Բաքուն շարունակեն մնացյալ քայլերն անել խաղաղ ճանապարհով, և որ դեռևս բաց հարցերը հնարավոր լինի լուծել բարեկամաբար։ Դեսպանը նաև ընդգծել է, որ տասնամյակներ անց առաջին անգամ տևական խաղաղությունը գտնվում է այսպես կոչված «հասանելիության սահմաններում», և Գերմանիան կշարունակի իր աջակցությունը երկու կողմերին՝ խաղաղության իրագործման ճանապարհին։
–Տիկին դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ներկա քաղաքական մակարդակը և ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեիք այս առումով։
-Անշուշտ, տարեմուտը ճիշտ ժամանակն է՝ անդրադառնալու անցյալ տարվա ձեռքբերումներին և 2026 թվականի մեր սպասելիքներին։ Մեծ ուրախությամբ եմ նկատում, որ մեր երկրները վերջին ամիսներին զգալիորեն խորացրել են իրենց հարաբերությունները քաղաքական մակարդակում, ինչպես նաև այլ ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, միջմարդկային շփումները։
2025 թվականի մարտ ամսին մենք ականատես եղանք Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ որպես նախագահ Հայաստան կատարած առաջին պատմական այցին, իսկ դեկտեմբերին ականատես եղանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բեռլին և Համբուրգ կատարած արդյունավետ այցին։ Երկկողմ հարաբերություններում այս երկու կարևորագույն բարձրակետերից զատ՝ ես աճող հետաքրքրություն եմ նկատում երկու կողմերում՝ առկա համագործակցությունը հանրային կառավարման և արդարադատության բարեփոխման, էներգետիկ անվտանգության և փոխակերպման, ի շահ որակյալ աշխատուժի՝ կրթությունը գործարար կարիքներին կապակցելու, Գերմանիայի մշակույթը, գերմաներենի իմացությունը և Գերմանիայում ուսանելը խթանելու ոլորտներում առավել խորացնելու ուղղությամբ։
Հայաստանի կառավարության և նրա կառույցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների և քաղաքացիական հասարակության հետ մեր համագործակցությունը հիմնված է վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Նվիրվածությունն ու լավատեսությունը նպաստում են առաջընթացին և բացում են նոր հեռանկարներ։ Ըստ իս՝ կարևոր է, որ երկկողմ հարաբերությունները խորացնելուն ուղղված մեր համատեղ ջանքերը շարունակեն համապատասխանել Հայաստանի կարիքներին և ուղիղ դրական ազդեցություն ունենան Հայաստանում ապրող մարդկանց կյանքի վրա։
–Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները զգալիորեն զարգացել են։ Այս առումով, միանշանակ, առանձնանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցյալ տարվա դեկտեմբերին Գերմանիա կատարած այցը, որը կարելի է պատմական անվանել իր արդյունքներով։ Հատկապես ուշագրավ էր երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը, որը նոր թափ կհաղորդի երկու պետությունների միջև հարաբերություններին։ Երկու առաջնորդները նաև համաձայնեցին զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Հաշվի առնելով այս ամենը՝ ինչպե՞ս կգնահատեք և կբնութագրեք այս պատմական այցը, և երկու երկրների միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում։
-Ստորագրելով ռազմավարական օրակարգի վերաբերյալ այդ համատեղ հայտարարությունը՝ մենք դրեցինք մեր հարաբերությունների հետագա սերտացման հիմքը։ Այն ոչ միայն մեր ձեռքբերումների գրավոր արձանագրումն է, այլ նաև ապագայի կողմնացույցը։ Մեր երկրները սերտորեն համագործակցում են բոլոր ոլորտներում․ մասնավորապես, Բեռլինում նախորդ շաբաթ կայացած մեր քաղաքական խորհրդակցություններն ամրագրեցին 2026 թվականի համար նախատեսված կոնկրետ քայլերը։
ՀՀ վարչապետի՝ Բեռլին և Համբուրգ կատարած այցի ծրագիրը նույնպես ընդգծեց Գերմանիայի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ թե՛ քաղաքական ոլորտում, թե՛ առևտրային, նորարարությունների և մշակույթի ոլորտներում։ Այսպես, երբ վարչապետը Գերմանիայի Արևելաեվրոպական տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի բեռլինյան գրասենյակում հանդիպեց Գերմանիայի տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ, շատ թիրախային քննարկում ծավալվեց հետագա հնարավոր ներդրումների համար անհրաժեշտ շրջանակի, ինչպես նաև լոգիստիկ, ջրային ռեսուրսների կառավարման, վերականգնվող էներգակիրների և այլ ոլորտների հանդեպ հետաքրքրության դրսևորումների շուրջ։
Այս ընթացքում շատ բան արդեն տեղի է ունենում գետնի վրա։ Այս ամիս «Անցյալ ապագայի շունչը» ցուցահանդեսով Լայպցիգ և Երևան քաղաքների միջև մեկնարկել է մշակութային տարին․ ցուցահանդեսը կազմակերպվել է Լայպցիգի Techne Sphere կենտրոնի, «Գյոթե» ինստիտուտի և Լայպցիգի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ներկայացնում է Լայպցիգի և հայաստանցի արվեստագետներ Մարգրետ Հոպպեի և Նվարդ Երկանյանի ստեղծագործությունները։ Երկու քաղաքները տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ են կազմակերպելու, այնպես որ հետևեք լուրերին։
Ընդհանուր առմամբ մենք արձանագրել ենք մեր ժողովուրդների միջև պաշտոնական և մասնավոր այցելությունների շարունակական աճ, ինչը շատ խոստումնալից զարգացում է նաև առաջիկա ամիսների համար։ Ես մեծապես շնորհակալ եմ իմ թիմին, որն անդուլ աշխատեց շենգենյան վիզայի ընթացակարգի բարելավման և դիմում ներկայացնելու սպասելաժամանակի կրճատման հարցում ավելի բարձր արդյունավետություն ապահովելու ուղղությամբ։ Ուստի, հավատացած եղեք, որ դեսպանությունը ներդնում է բոլոր հնարավոր ջանքերը, որ 2026 թվականին մեր հայաստանյան դիմումատուները, որոնք մեկնում են Գերմանիա՝ այցելելու իրենց ընտանիքներին, շրջագայելու կամ գործնական նպատակներով, սպասարկվեն առանց երկար հերթերի՝ վիզայի դիմում ներկայացնելով Հայաստանում մեր բացառիկ գործընկեր TLS contact ընկերությանը (մի համագործակցություն, որը մեկնարկել և մեծ արդյունավետությամբ ընթանում է 2025 թվականի հուլիսից)։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։