19 հունվարի 2026 – 18:40 AMT
PanARMENIAN.Net – Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի հանձնաժողովը բարձր գնահատանքի է արժանացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը և փետրվարին Աբու-Դաբիում մրցանակը կհանձնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար, հետևողականորեն և սկզբունքայնությամբ է առաջնորդվել՝ խաղաղության հաստատման և ամրապնդման գործընթացում։ Հանձնաժողովը հատկապես ընդգծել է, որ հաշտեցումը ոչ թե մեկանգամյա ակտ է, այլ՝ երկարաժամկետ և շարունակական գործընթաց։
2026 թվականի մրցանակակիրները ընտրվել են անկախ, միջազգային մակարդակի հեղինակավոր կազմից բաղկացած դատավորական հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովում ընդգրկված են եղել մի շարք հայտնի պետական, կրոնական և հումանիտար ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ Մուսա Ֆակի Մահամաթը, Վատիկանի կրթության դեպարտամենտի պրեֆեկտ կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոնսան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը, ինչպես նաև Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սաիդա Միրզիյոևան։
Մրցանակը կոչված է խրախուսելու համերաշխությունն ու փոխըմբռնումը՝ միջազգային հարաբերությունների մակարդակում։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։