Էրդողանը զրուցել է Սիրիայի նախագահի հետ՝ քրդական ուժերի հետ գործարքից հետո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, այն բանից հետո, երբ Դամասկոսի վարչակազմը համաձայնության է եկել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) հետ, գրում է Bianet-ը։

Հաղորդվում է, որ Էրդողանն ընդգծել է սիրիական հողերն ահաբեկչությունից մաքրելու անհրաժեշտությունը՝ թե՛ Սիրիայի, թե՛ ամբողջ տարածաշրջանի համար։

«Մեր նախագահը նշել է, որ Թուրքիայի աջակցությունը Սիրիային կշարունակի աճել բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարում»,- ասվում է հայտարարության մեջ։

Երեկ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ SDF-ն համաձայնվել է դուրս գալ արաբներով բնակեցված և ածխաջրածիններով հարուստ Ռաքքայի և Դեյր էզ-Զորի շրջաններից։ Քրդաբնակ Հասակա նահանգում և Քոբանի քաղաքում կիրականացվեն հատուկ կարգավորումներ, այդ թվում՝ ինտեգրում սիրիական ինստիտուտներին և տեղական ոստիկանական ուժերի ստեղծում։ SDF-ի անդամներին թույլատրվելու է միանալ սիրիական բանակին անհատապես։

Բացի այդ, Շարաան հունվարի 16-ին հրամանագիր է հրապարակել, որով ճանաչել է քրդական ինքնությունը՝ մշակութային և կրթական իրավունքների հետ մեկտեղ։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության տնօրեն Բուրհանեդդին Դուրանն էլ առանձին հայտարարություն է տարածել սոցիալական ցանցերում զարգացումների վերաբերյալ։

«Մենք ուշադիր կհետևենք համաձայնագրի պայմանների կատարմանը։ Այսօր տեղի ունեցողը պատահականություն չէ։ Հակառակը, դա այն սկզբունքների և նախազգուշացումների արտացոլումն է, որոնց մասին մեր նախագահը տարիներ շարունակ շեշտել է»,- նշել է նա։

Ըստ Դուրանի՝ Սիրիայում կայունության հասնելու ուղին ենթադրում է բոլոր էթնիկ և դավանանքային տարրերի իրավունքների երաշխավորում՝ հավասար քաղաքացիության հիման վրա։ Նա հավելել է, որ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանող և ահաբեկչական կազմակերպություններից մաքրված Սիրիան տարածաշրջանային խաղաղության գրավականն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment