Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, արվեստաբան Վիգեն Գալստյանի հետ զրուցել ենք Պատկերասրահի նախորդ տարվա հաջողված նախագծերի, հայեցակարգային փոփոխությունների և առաջիկա ծրագրերի մասին։ Շուրջ չորս տարի տևած հիմնանորոգման և վերափոխման աշխատանքներից հետո պատկերասրահը վերաբացվել է՝ ներկայանալով թարմացված ցուցադրություններով։
Անդրադառնալով հայեցակարգային վերանայումներին՝ Վիգեն Գալստյանն առանձնացնում է նախորդ տարեսկզբին իրականացված Լուսինե Նավասարդյանի «Լռություն» նախագիծը։ Այն սոսկ ցուցահանդես չէր, այլ ռազմավարական քայլ․ ներկայացնելով ժամանակակից արվեստ, ազդարարվեց թանգարանի ցուցահանդեսային քաղաքականության նոր ուղղվածությունը։ Սա ոլորտի ամենատպավորիչ նախագծերից մեկն էր, որը հետագայում ցուցադրվեց Բեռլինում և դեռ շարունակելու է իր միջազգային շրջագայությունը։
Այս նախագծին հաջորդեցին մշտական ցուցադրության երկրորդ փուլի աշխատանքները։ Էքսպոզիցիոն-համադրողական տեսանկյունից իրականացվել են էական կառուցվածքային փոփոխություններ, որոնց շուրջ տեղի են ունեցել երկարատև մասնագիտական քննարկումներ։ Խնդիրն արվեստի պատմության անընդհատ վերանայումն է. քաղաքական տարբեր խոսույթների ազդեցությամբ արվեստի ընկալումները հիմնային փոփոխությունների են ենթարկվում, և թանգարանը պետք է արձագանքի դրանց։ Ցավոք, մինչ օրս պատկերասրահն աշխատել է քննադատական և քննական խոսույթներից դուրս՝ հիմնականում ներկայացնելով ֆորմալ-ժամանակագրական, գծային պատմություններ։ Ամենաբարդ մարտահրավերը համաշխարհային արվեստի ներկայացումն էր. ընդամենը ութ ցուցասրահում անհրաժեշտ էր ամփոփել շուրջ 2000 տարվա պատմություն՝ ընդգրկելով արևմտյան և արևելյան արվեստի զարգացումները։
Տարածքի սահմանափակ լինելը լրջագույն խնդիր է, որը խոչընդոտում է թանգարանի զարգացմանը և օր առաջ վերանայման կարիք ունի։ Ըստ Վիգեն Գալստյանի՝ անհրաժեշտ է մշտապես վերաիմաստավորել հավաքածուներն ու արվեստագետներին։ Նույնիսկ ամենահայտնի անունները, ինչպիսիք են Այվազովսկին, Սուրենյանցն ու Սարյանը, կարիք ունեն նորովի դիտարկման։ Նման վերանայումները հարստացնում են արվեստագետի ժառանգությունը և ընդգծում նրանց նշանակությունն արդի համատեքստում։ Այս դինամիկ ընթացքը պետք է մշտական լինի։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև միջազգային համագործակցություններին։ Արվեստի միջոցով հնարավոր է վերհանել, փոխել, ուղղորդել բազմաթիվ խոսույթներ։ Դա այն աշխատանքն է, որն այսօր իրականացնում են եվրոպական և ասիական առաջադեմ թանգարանները՝ փորձելով սեփական դիրքերից վերանայել ու փոխել արդեն հաստատված նարատիվները։