19 հունվարի 2026 – 12:38 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում են փոփոխություններ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, ինչը թույլ կտա խթանել աշխարհի լավագույն բուհերում կրթություն ստացածների վերադարձը: Նրանք կազատվեն զինծառայությունից, եթե 3 տարի աշխատեն ՀՀ-ում` կառավարության նախանշած ոլորտում:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնում է 1lurer.am-ը:
Նախարարի խոսքով՝ այս նախագիծը հաջորդ քայլն է մարդու կապիտալի ձևավորման և այդ ներուժն ազգային զարգացման նպատակով ուղղորդելու ծրագրում։
«Գիտեք, որ 2018-ից ներդրվել է տարկետման հատուկ կարգ, որով տարկետում են ստանում մեր այն քաղաքացիները, որոնք ուսումնառություն են անցկացնում Շանհայի վարկանիշավորման առաջին 50-յակում գտնվող բուհերից որևէ մեկում:
Մենք այսօր ունենք իրավիճակ, որ մեր ավելի քան 600 քաղաքացի օգտվել է տարկետման իրավունքից, և նրանցից 570-ը դեռևս շարունակում է իրենց ուսումնառությունը: Միևնույն ժամանակ, ուսումնասիրելով, թե ինչ է տեղի ունենում այն քաղաքացիների հետ, որոնք արդեն իսկ ավարտել են իրենց ուսումնառությունը, մենք տեսնում ենք, որ իրականում այն կապիտալը, որը զարգանում է, այսինքն՝ այս հեղինակավոր բուհերում ուսումնառության արդյունքում ձևավորվող գիտելիքն ու հմտությունները իրականում չեն վերադառնում ՀՀ և չեն ծառայում այստեղ՝ ո՛չ հանրային, ո՛չ տնտեսական զարգացման օրակարգին»,- ասել է նախարարը։
Նա նշել է, որ իրականացված վերլուծությունները ցույց են տվել՝ անհրաժեշտ է փոփոխել գործող մոտեցումը։ Ըստ նախագծի՝ տարկետում ստացողներն ուսումնառությունն ավարտելուց հետո կպարտավորվեն առնվազն երեք տարի աշխատել ՀՀ կառավարության կողմից նախապես սահմանված ոլորտում՝ Հայաստանում, ինչից հետո կազատվեն զինվորական ծառայությունից։
Անդրեասյանը հավելել է, որ նախաձեռնության հիմքում դրված է պարզ տրամաբանություն․ նրանք, ովքեր հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ՝ ընդունվել են աշխարհի հեղինակավոր բուհեր և ուսումը կազմակերպել սեփական միջոցներով, պետք է ունենան համապատասխան խթաններ՝ վերադառնալու և իրենց գիտելիքները ծառայեցնելու Հայաստանի բարօրությանը։
«Այսպիսով, մենք մի կողմից կապահովենք, որպեսզի նրանց վերադարձն անպայմանորեն տեղի ունենա, մյուս կողմից՝ կառավարության ենթաօրենսդրական ակտի շրջանակում տրված կարգավորումներով ուղղորդենք նրանց գիտելիքի ու հմտությունների կիրառումը հենց այն ոլորտներում, որի կարիքն առավելապես զգում ենք»,- ընդգծել է նախարարը։
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ևս մասնակցել է քննարկմանը՝ նշելով, որ ինքը նույնպես ավարտել է Շանհայի ցանկում ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը։ Նա ընդգծել է, որ իր ծանոթ շրջանավարտների մեծ մասը Հայաստան չի վերադարձել։
«Արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ մեր երկիրը, որը ունենում է այդ մասնագետի կարիքը, չի ունենում այն: Այսինքն՝ ով որ գնում է, 50 լավագույն համալսարաններից մեկն ավարտում է, իրենց մեծ մասը հետ չի գալիս Հայաստան»,- ընդգծել է ԱԺ նախագահի տեղակալը։
Նա հավելել է, որ օրինագիծն իր տրամաբանությամբ ունի ռազմավարական նշանակություն, քանի որ նպաստում է ոչ միայն մասնագետների պահպանմանը, այլև նրանց գիտելիքի արդյունավետ օգտագործմանը՝ ի նպաստ Հայաստանի։