«Տաշիր»-ը զոհված հերոսների ընտանիքներին և սոցիալական խոցելի խմբերին տրամադրել է արցախյան համույթների համերգի տոմսեր

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը զոհված հերոսների ընտանիքներին, վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հարազատներին և սոցիալական խոցելի խմբերի ներկայացուցիչներին տոմսեր է հատկացրել մասնակցելու հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Մենք կանք» մեծ համերգին, հայտնում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն։

«Այս նախաձեռնությունը նպատակ ունի ոչ միայն աջակցելու, այլև հոգևոր ուժ, ուշադրություն և համախմբվածության զգացում փոխանցելու նրանց, ովքեր կրել են ծանր կորուստներ և այսօր, առավել քան երբևէ, դրա կարիքն ունեն»,- նշել են ՀԿ-ից։

Համերգին ելույթ են ունենալու Արցախի համույթներ, հայաստանյան և արցախյան մենակատար-աստղեր (Արթուր Խաչենց, Ներսիկ և Արաբո Իսպիրյաններ, Վարդան Բադալյան, Շուշան Պետրոսյան, Արսեն Գրիգորյան, Լյոկա, Դավիթ Ամալյան և ուրիշներ)։ Նախքան համերգը՝ համալիրի տարածքում կկայանա արցախյան ստեղծագործողների և արտադրողների տաղավարների ցուցադրություն-վաճառք։

Leave a Comment