Բարձարգույն դատական խորհրդի անդամ, քաղաքացիական դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը երեկ հայցի ապահովման միջոց է կիրառել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցի առնչությամբ ու նրան կրկին նշանակել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Բանն այն է, սակայն, որ քաղաքացիական դատարանները, ըստ Սահամանդրության, ՀՀ օրենսդրության ու միջազգային իրավունքի, իրավասու չեն քննելու եկեղեցական որոշումները: Այս կարծիքին է նաև քաղաքացիական դատարանի նախկին դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանը.
«Նախ և առաջ ինձ համար կասկածելի է նման պահանջով հայցի հարուցումը և ընդունումը վարույթ: Ես, իհարկե, ծանոթ չեմ գործի նյութերին, բայց այն, ինչ հանրամատչելի աղբյուրներից կարողացել եմ նկատել, ինձ համար առնվազն տարօրինակ է»,- ասաց Նախշքարյանը: Հարցրինք՝ ինչո՞ւ է անթույլատրելի, որ քաղաքացիական դատարանը քննի հայրապետական տնօրինությունը.
«Իմ կարծիքով՝ աշխատանքային օրենսդրության կանոնները տարածելի չեն եկեղեցական կանոնների և եկեղեցական հարաբերությունների վրա»,- ասաց Նախշքարյանը:
Սահմանադրության 61-րդ հոդվածը սահմանում է, որ ցանկացած մարդի իրավունք ունի իր իրավունքների դատական պաշտպանության, արդյոք Գևորգ եպիսկոպոսին այս նորմը իրավունք չի տալիս դիմել դատարան՝ հարցրինք նախկին դատավորին.
«Բայց ի՞նչ պահանջով կարող է դիմել դատարան, արդյոք քաղաքացիական դատավարության կանոնները և աշխատանքային օրենսդրության կանոնները կիրառելի՞ են եկեղեցական կանոնների նկատմամբ»,- ասաց Նախշքարյանը:
Քաղաքացիական դատարանի նախկին դատավոր, քաղաքացիական իրավունքի մասնագետ Աննա Փիլոսյանը ևս կարծում է, որ հայրապետական տնօրինությունը ենթակա չէ քաղաքացիական դատարանում քննության.
«Որովհետև Սահմանադրությամբ է ամրագրված, որ եկեղեցին և պետությունը անջատ են, իսկ դատարանները հանդես են գալիս պետության անունից, այսինքն՝ այդ թվում դատարանի միջամտությունը եկեղեցական գործերին հավասեր է եպտության միջամտությանը եկեղեցու գործերին»: