Նկարում Սիրիայի քաղաքացի, ազգությամբ արաբ ՝ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին է
Փաշինյանը պնդում է, թե Հայաստանին 4 գերիների վերադարձն ու սիրիացի 2 վարձկանների արտահանձնումը միմյանց հետ որեւէ կապ չունեն: Կառավարության վերջին նիստից հետո նա լրագրողներին ասաց. «Մենք աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Հույս ունենք՝ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում՝ Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտն ավելի նպաստավոր կդարձնի»: Իհարկե, սրան դժվար է հավատալ, մանավանդ, որ ավելի վաղ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էր հայտարարել, որ հայ գերիները փոխանակվելու են, եւ որ երկու իրադարձությունների մասին հայտարարվել է նույն օրը՝ հունվարի 14-ին, եւ գրեթե նույն ժամին:
Հայ գերիների վերադարձն ավետել է վարչապետը, իսկ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջինի եւ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերինի՝ Թուրքիայի միջոցով փոխանցման մասին հայտնեց արդարադատության նախարարությունը՝ հաղորդելով նաեւ, որ այն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջեւ համագործակցության եւ կիրառվող իրավական մեխանիզմների ներքո, եւ սիրիացիները Սիրիայի Հանրապետությունում շարունակելու են կրել իրենց պատիժը:
Ինչպե՞ս կարող էր այսպիսի զուգադիպություն լինել: Վարչապետը ճեպազրույցի ժամանակ չի պատասխանել այս հարցին:
Սիրիայի քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջինը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները՝ զինված ընդհարումների ժամանակ) եւ 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։
Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերինը, ըստ դատախազության տվյալների, անձամբ իրականացրել է 23 վարձկանների հավաքագրում: Ըստ նրա ցուցմունքների, նա եղել է Արցախ տեղափոխված 250 հոգանոց խմբավորման կազմում, որին հրաման էր տրված հարձակվել հայկական կոնկրետ գյուղի վրա, սպանել բոլոր բնակիչներին, պայթեցումներ, հրկիզումներ իրականացնել:
Արդյո՞ք սա զուտ բարեկամական ժեստ է, որքանո՞վ է այն հաջողված եւ ի՞նչ կապ ունի Սիրիայի հետ բարեկամությունը Թուրքիայի միջոցով Հայաստան վարձկաններ ուղարկելու հետ:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը, որը նախկին իշխանության օրոք, խաղաղ պայմաններում ներգրավված է եղել գերիների վերադարձի համար տարվող աշխատանքներում, վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, ասելով, թե մեր գերիների վերադարձն ու վարձկանների հանձնումն իրար հետ կապ չունեն: Եվ ինչո՞ւ է խաբում, ի՞նչ կա խաբելու, ի վերջո, փոխանակումն ընդունված պրակտիկա է: Մեր հարձին փորձագետը պատասխանում է. «Իսկ եղե՞լ է այնպիսի դեպք, որ Նիկոլը չի խաբել: Նա փորձելու է սա մեզ վրա ծախել՝ համոզելու համար, որ իր հեղինակության ու քաշի շնորհիվ է սա տեղի ունեցել, որ ինքը ստիպել է, պարտադրել է՝ գերիներին ազատել, ներքին լսարանին էր խոստացել, ու հիմա՝ հոպ, իր խոստումը կատարել է»:
Իրավապաշտպան, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն իր հերթին հարց է տալիս՝ ո՞ւմ հետ ենք բարեկամություն անում, վարձկաններին հանձնելով Սիրիային, եթե այսօր Սիրիայում արմատավորվել է ԴԱԻՇ-ը՝ ԻԳԻԼ-ը: Որքանո՞վ է իրավաչափ նման փոխանակումը: «Սա ոչ թե փոխանակում է, այլ՝ քաղաքական կեղտոտ առեւտուր: Որովհետեւ երբ որ խոսքը միջազգային ահաբեկիչների մասին է, որոնք գործել են ծանրագույն հանցագործություններ, ապա նրանց հանձնումը ոչ թե բարեկամության նշան է, այլ արհամարհանք միջազգային իրավունքի նկատմամբ, քանի որ միջազգային իրավունքում հայտնի է, որ բոլոր ահաբեկիչները պետք է պատժվեն, մինչեւ անգամ տարիներ շարունակ հատուկ կոնֆերանսներ էին հրավիրվում այդ թեմաներով: Կարելի է բացել միջազգային ահաբեկչության մասին փաստաթղթերը եւ տեսնել դա: Որեւէ առումով չի նախատեսվում միջազգային իրավունքով ահաբեկիչների վերադարձը, որոնք, կրկնում եմ, ծանրագույն հանցագործություններ են գործել: Եվ սա չի կարող դիտարկվել որպես բարեկամության նշան: Եթե բարեկամություն, ուրեմն ԻԳԻԼ-ի եւ այլ միջազգային ահաբեկիչների հետ: Արդյոք Փաշինյանի հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ Հայաստանը սկսում է բարեկամական հարաբերություններ ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլեւ միջազգային ահաբեկիչների հետ»,- պատասխանում է Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնեմ․ 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի այն ժամանակվա օմբուդսմեն Արման Թաթոյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել էր «ծայրաստիճան վտանգավոր եւ հանցավոր» երեւույթի վրա՝ որ Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցող վարձկաններ, ԻԳԻԼ-ի, այլ ահաբեկչական խմբավորումների անդամներ են:
«Դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի՝ հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաեւ ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ, ու, ըստ արձանագրված տվյալների, նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից: Եվ սա տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի տարածքում»,- գրված է ՀՀ օմբուդսմենի 2020 թվականի հոկտեմբերի 7-ին տարածած հայտարարության մեջ: Ստացվում է, որ այսօր Հայաստանը հետ է կանգնում իր այս դիրքորոշումներից եւ բարեկամության ժեստ է անում միջազգային ահաբեկիչների ուղղությամբ: