Սիրիական զորքերը պատրաստ են հարձակվել երկրի հյուսիսում և արևելքում գտնվող՝ քրդերի կողմից վերահսկվող քաղաքների վրա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Գործողությունը նպատակ ունի ստիպել ինքնավարության կողմնակից քրդերին զիջումների գնալ Դամասկոսի հետ ինտեգրման բանակցություններում: Աղբյուրի համաձայն՝ սիրիական բանակի մինչև հինգ դիվիզիա կարող է մասնակցել հյուսիսային Հալեպի և արևելյան Դեյր էզ-Զորի քրդերի կողմից վերահսկվող քաղաքների դեմ հարձակմանը:
«Եթե այս մարտավարությամբ չհաջողվի կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, սիրիական բանակը քննարկում է լայնածավալ հարձակում, որի արդյունքում քրդերը կարող են կորցնել իրենց կողմից տասնամյակից ավելի վերահսկվող կիսաինքնավար գոտին», – գործակալությանը մեջբերում է աղբյուրի խոսքերը:
Գործակալության տվյալներով՝ հունվարի 14-ին և 15-ին սիրիական բանակի ստորաբաժանումներ են տեղակայվել Դեյր Հաֆիր քաղաքում և Եփրատ գետից արևմուտք գտնվող շրջակա գյուղերում, որոնք գտնվում են քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (SDF) կոալիցիայի վերահսկողության տակ: Սիրիական բանակը հրամայել է SDF մարտիկներին նահանջել գետից արևելք և մարդասիրական միջանցք է բացել քաղաքացիական անձանց համար:
Սիրիայի կառավարական զորքերը նույնպես տեղակայվել են Դեյր էզ-Զոր նահանգում: ԱՄՆ-ն կոչ է արել երկու կողմերին խուսափել բախումից և վերադառնալ բանակցություններին, հայտնել են Reuters-ի աղբյուրները։ Միևնույն ժամանակ, նրանց խոսքով, Վաշինգտոնը որևէ առարկություն չի հայտնել սիրիական զորքերի սահմանափակ գործողության վերաբերյալ։
Հունվարի սկզբին Հալեպում մարտեր էի սկսվել Դամասկոսի կառավարական ուժերի և SDF-ի միջև։ Հունվարի 11-ին վերջին քուրդ զինյալները լքել են քաղաքը հրադադարի մասին համաձայնագրից հետո, իսկ Աշրաֆիե և Շեյխ Մաքսուդ շրջանների քաղաքացիական անձինք և զինյալներն անվտանգ հեռացել էին Սիրիայի հյուսիսային և արևելյան հատված։
