Հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանի առողջական խնդիրն օրեցօր խորանում է. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ և հաղորդավար Նարեկ Սամսոնյանը, որն անժամկետ հացադուլ է հայտարարել, ունի լուրջ հիվանդություն, որ ծագել է դեռ նախորդ ձերբակալությունից:

Մելիքյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ Սամսոնյանի խնդիրն օրեցօր խորանում է բանտային և հացադուլային պայմաններում։ Ըստ Մելիքյանի՝ իր վստահորդն ունի հրատապ վիրահատության կարիք։

AntiFake-ի հիմնադիրներ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին երկու ամսով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։ Դատարանը հունվարի 9-ին բավարարել էր նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը:

Սամսոնյանն այդ նիստին էր հայտնել հացադուլ սկսելու մասին: Մելիքյանը նշել է, սա նրա քաղաքական պայքարի միջոցն է, որին ինքը կտրուկ դեմ է եղել:

Սա Սաղաթելյանի և Սամսոնյանի երկրորդ կալանքն է նույն քրեական գործի շրջանակներում։ Նրանք 2024 թվականի գարնանն արդեն երկու ամիս անցկացրել էին անազատության մեջ (մարտի 22-ից մինչև մայիսի 21-ը)։ Այն ժամանակ դատարանը նրանց ազատ էր արձակել գրավի և վարչական հսկողության կիրառմամբ։

Leave a Comment