16 հունվարի 2026 – 16:25 AMT
PanARMENIAN.Net – ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը Չեխիայի Օստրավա քաղաքում այցելել է IN Groupe ընկերության փաստաթղթերի արտադրության գրասենյակ, որտեղ այս օրերին իրականացվում է նոր կենսաչափական փաստաթղթերի որոշ տեսակների առաջին օրինակների տպագրության հաստատումը, հայտնում է ՆԳՆ-ն։
Արդեն իսկ հաստատվել են օտարերկրացիների որոշ փաստաթղթերի օրինակները, ներառյալ՝ կացության կարգավիճակը հաստատող, օրինական բնակության իրավունքը հավաստող և դիվանագիտական նույնականացման քարտերը։
Նելլի Դավթյանը հանդիպումներ է ունեցել ընկերության փաստաթղթերի արտադրության ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկի, կենսաչափական համակարգի ներդրման ծրագրի դիզայներների, տպագրության մասնագետների հետ։
Ներկայում հաստատման փուլում են փախստականի և քաղաքացիություն չունեցող անձանց համար նախատեսված քարտերը, որոնք օրենսդրորեն նախատեսված էին, սակայն գործնականում նախկինում չեն կիրառվել։
Քննարկվել են նաև ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական անձնագրի դիզայնի, տեխնիկական ստանդարտների և ներդրման փուլերի հետ կապված հարցեր։ Ներկայացվել է «բոլորը մեկում» ինքնասպասարկման համակարգի ներդրման ընթացքը։
Նոր փաստաթղթերը կարտադրվեն բարձր տեխնոլոգիական պայմաններում՝ անվտանգության խստացված ստանդարտներով և երկարաժամկետ որակի ապահովմամբ։
Քարտերի հաստատման գործընթացը բաղկացած է մի քանի բաղադրիչից․ դիմային հատվածի երանգավորում՝ ելակետային նոմինալ տարբերակն ու դրա թույլատրելի շեղումները, դարձերեսի երանգավորում՝ ելակետային նոմինալ տարբերակն ու դրա թույլատրելի շեղումները, տվյալների դաշտերի տեղակայում, լամինացում, ուլտրամանուշակագույն լույսի համար նախատեսված անվտանգային և գեղարվեստական ձևավորում։
Թույլատրելի շեղումների շրջանակն անզեն աչքով հնարավոր չէ նույնացնել, այս գործընթացը ենթադրում է որակի ստուգում, այդ թվում անվտանգային ստուգում՝ հատուկ լաբորատոր չափումներով, ապահովագրում է այն իրավիճակից, երբ տպիչ մեքենայի մաշվածությունը կամ օգտագործվող նյութերը տարբեր տարիներին որևէ կերպ ազդեն այսօր հաստատվող որակի վրա, այն միաժամանակ ապահովագրում է հաստատվող փաստաթղթերի որակը պայմանագրի ողջ ընթացքի՝ տասը տարիների համար։