Ի դեպ, երեկ Հայաստան վերադարձան 2020 թվականին գերեվարված երեք և 2023-ին գերեվարված մեկ քաղաքացի։ Միևնույն ժամանակ, Սիրիային են փոխանցվել Հայաստանում ազատազրկման դատապարտված վարձկաններ, որոնք 2020-ին մասնակցել են 44-օրյա պատերազմին և, ըստ հրապարակված տվյալների, յուրաքանչյուր հայի կտրած գլխի համար ստացել են 100 դոլար։
Իշխանությունները սա ներկայացնում են որպես դիվանագիտական ձեռքբերում և «քայլ առ քայլ հաստատվող խաղաղության» ապացույց։ Սակայն այս գնահատականը դժվար է ընդունել, երբ Ադրբեջանում շարունակում են պահվել պաշտոնապես հաստատված առնվազն 19 հայ ռազմագերիներ։ Պատերազմներից հետո խաղաղության մասին կարելի է խոսել միայն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների անհապաղ վերադարձի դեպքում, ոչ թե տարիներ անց և անհամաչափ սխեմաներով, երբ չորս խաղաղ բնակչի ազատումը հակադրվում է երկու ծանր հանցագործի փոխանցմանը։
Փաշինյանը հայտարարում է, որ տեղի ունեցածը փոխանակում չէր, այլ Սիրիայի հետ հարաբերությունների զարգացման գործընթաց։ Թերևս զուգադիպություն էր, որ այս երկու իրադարձությունները տեղի ունեցան նույն օրը։
Հարց է առաջանում․ եթե սա խաղաղության գործընթաց է, ապա ինչո՞ւ այդ «խաղաղության» պայմաններում Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ։ Այս հարցը հռետորական չէ։ Այն պարզաբանում է պահանջում, քանի դեռ «խաղաղություն» բառը չի դադարել լինել պարզապես նախընտրական արշավի մի մաս։