
Հունվարի 15-ին թուրքական և իսրայելական լրատվամիջոցները տարածել են Փահլավիի սոցցանցանցային գրառումը, որտեղ նա հավաստիացնում է, որ կրոնապետության փլուզման և աշխարհիկ կառավարության ձևավորման հենց «առաջին օրը Իրանը կճանաչի Իսրայելի պետությունը, և կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, կընդլայնվի «Աբրահամյան համաձայնությունների» շրջանակը»: Այդ դեպքում, ինչպես ձևակերպել է Իրանի թագաժառանգը, «կփոխվի ամբողջ տարածաշրջանը»: Նա խոստանում է նաև դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը, վերջ տալ թմրանյութերի և զենքերի շրջանառությանը, միանալ «ահաբեկչության և ծայրահեղականության դեմ միջազգային պայքարին»:
Ակնհայտ է, որ Ռեզա Փահլավիի սոցցանցային գրառման առաջին հասցեատերն Իսրայելի վարչապետ Նաթանյահուն է, ով կարող է Իրանում հարցով ԱՄՆ նախագահի որոշումների վրա ազդեցություն ունենալ: Reuters-ը հայտնել է, որ Սպիտակ տանն անցկացված խորհրդակցության արդյունքներով «անվտանգության պատասխանատուներն Իրանի դեմ թիրախային հարվածների արդյունավետությունը չեն երաշխավորել»: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Թրամփը «հակված է թիրախային հարվածների միջոցով կրոնապետությունն արագորեն փլուզելու տարբերակին»:
Ի՞նչ ընթացք կստանան իրադարձությունները, պարզ կլինի, երևի, մոտակա մի քանի օրերին: Խիստ ուշագրավ է, որ թուրքական և ադրբեջանական մամուլում լրջորեն քննարկվում է Ռեզա Փահլավիի «ոչ լեգետիմության» հարցը: Հատկապես ակտիվ են սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը: Նրանք պնդում են, որ Իրանում 1925թ.-ին «տեղի է ունեցել պետական հեղաշրջում, ուստի Ղաջարական արքայատոհմը պահպանում է լեգիտիմությունը»: Վերջին օրերին ադրբեջանական մի քանի ոչ այնքան հայտնի լրատվամիջոցներ հրապարակել են «Իրանի գահի օրինական ժառանգորդ» Բաբեկ Միրզա խանի լուսանկարը: Նա նույնպես բնակվում է ԱՄՆ-ում:
Իրանում ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ադրբեջանական սոցցանցանցային տիրույթում քննարկվում է «Հարավային Ադրբեջանի խնդիրը»: Պատմաբան և ընդդիմադիր գործիչ Ջամիլ Հասանլնին, մասնավորապես, ծավալուն անդրադարձ է կատարել Թավրիզում 1946թ.-ին հռչակված «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության» թեմային և ընդհանրացրել, որ «նույնիսկ խորհրդային այդ նախագիծը չէր ենթադրում ադրբեջանաբնակ տարածքների անջատում, նպատակը միասնական պետության կազմում էթնիկ-մշակութային ինքնավարությունն էր»:
Բաքվում, կարծես, ցանկալի են տեսնում իրանական ճգնաժամի հանգուցալուծման այն տարբերակը, որը նախագահ Մասուդ Փեզեշքիանին կօժտի իրական իշխանական լիազորություններով, իսկ վերջինս, լինելով էթնիկ ադրբեջանի, որևէ բարեփոխմամբ կկարգավորի երկրի հյուսիսային-ադրբեջանաբնակ տարածքների «ինքնավարության» հարցը: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել է, որ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին «իրավահաջորդների ցուցակը համալրել է և թեկնածու ճանաչել նաև նախկին նախագահ Մոհամեդ Խաթամիին»: Նա նույնպես «բարեփոխական գործչի» համարում ունի: Բացառված չէ, որ անձնական ապահովության երաշխիքների դիմաց Ալի Խամենեին թողնի իշխանությունը: